Բավ է պառակտվել
11-08-2016 10:38

Մոսկվան շահագրգռված է Երևանի և Բաքվի լարվածության թուլացման հարցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան շահագրգռված է Երևանի և Բաքվի հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու հարցում։ 

«Ընդգծեմ` Ռուսաստանը շահագրգռված է հարևան երկրների հարաբերությունների լարվածությունը թուլացնելու հարցում։ Կշարունակենք ամեն կերպ աջակցել Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման ուղիներ փնտրելու գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ասել է Պուտինը։

Նա հույս է հայտնել, որ «Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հակամարտության կարգավորման հասնել փոխզիջումների միջոցով` առանց հաղթողների ու պարտվողների»։

«Իրականում կարծում եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանն իսկապես ցանկանում են լուծել այս խնդիրը, որպեսզի ապրեն խաղաղության ու համաձայնության մեջ, որպեսզի համագործակցեն, զարգացնեն տնտեսությունները»,- ասել է Պուտինը։

Նրա կարծիքով` նպատակն այն է, որ հենց այդպիսի արդյունքի հասնեն, գտնեն այնպիսի մոտեցումներ ու սխեմաներ, որոնք որևէ մեկին թույլ չեն տա իրեն պարտվող զգալ։

«Այնպիսի լուծում լինի, որը մշակված կլինի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից, ընդունված լինի երկու երկրների հասարակությունների կողմից։ Սա է կարևորը։ Իսկ Ռուսաստանը, ինչպես նաև Մինսկի խմբի որոշ երկրներ կարող են որպես երաշխավոր հանդես գալ»,- ասել է Պուտինը։