28-05-2016 09:39

Մոսկվան Անկարայից ներողություն է ակնկալում. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ բանակցություններ վարել երկրների միջև կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ: Այս մասին Աթենքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք լսում ենք հարաբերությունները վերականգնելու ցանկության մասին հայտարարություններ: Մենք նույնպես ցանկանում ենք վերականգնել հարաբերությունները: Մենք չենք դրանք փչացրել»,- հայտարարել է Պուտինը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Մոսկվան Անկարայից ներողություն է ակնկալում թուրքական օդուժի կողմից խփված ռուսական ռմբակոծիչի համար, որը մասնակցում էր Սիրիայում մարտական գործողություններին: Այդ միջադեպն էլ դարձել է վեճի պատճառ:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվել են 2015 թվականի աշնանից, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական Սու-24 ինքնաթիռը։ Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ է սահմանել՝ այդ թվում արգելելով մի շարք ապրանքների ներմուծումն նու ռուս զբոսաշրջիկների մեկնումը Թուրքիա։