03-05-2017 17:44

Պուտինն արձանագրել է Անկարայի հետ փոխհարաբերությունների վերականգնումը

Սոչիում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որը տևել է երեք ժամից ավելի:
Դրա ավարտից հետո երկու երկրների առաջնորդները համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում խոսել են արդյունքների մասին: Բանակցությունների ընթացքում քննարկված առանցքային թեմաների շարքում են երկկողմ հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարը և իրավիճակը Մերձավոր Արևելքում:

Երկկողմ հարաբերությունները
Պուտինի խոսքերով, ՌԴ-ն և Թուրքիան լրջագույնս տրամադրված են երկկողմանի բազմաբևեռ համագործակցությանը:
« Թուրքիան Ռուսաստանի կարևոր և հեռանկարային գործընկերն է: Որոշ ժամանակ առաջ մեր երկկողմ հարաբերությունները, հայտնի է, ամրության փորձություն էին անցնում: Այժմ վստահությամբ կարող ենք արձանագրել, որ ռուս-թուրքական կապերի վերականգնողական շրջանն ավարտված է: Մենք վերադառնում ենք նորմալ փոխգործակցային գործընկերությանը»,- ընդգծել է երկրի ղեկավարը:
Նա հիշեցրել է, որ մայիսի վերջին լրանում է երկկողմանի հարաբերությունների հիմքերի վերաբերյալ ռուս-թուրքական համաձայնագրի 25 ամյակը:
Ռուս առաջնորդը նշել է, որ երկու երկրների կառավարությունների անդամների և առաջատար էներգետիկ ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ բանակցությունների ընթացքում կողմերը մանրամասնորեն դիտարկել են 2017-2020թթ. համար ռուս-թուրքական համագործակցության ծրագրի իրագործումը:
Նախագահ Պուտինի խոսքերով հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական ոլորտում փոխգործակցությանը, առևտրային և ներդրումային փոխանակումների ընդլայնմանը խոչնդոտող սահմանափակումների և պատնեշների չեզոքացմանը: Հանդիպման մասնակիցները շոշափել են նաև միմյանց հետ առևտրաշրջանառությունը ազգային արժույթներով կազմակերպելու հարցը:
Այսպես, ՌԴ ղեկավարի խոսքերով, Մոսկվան 22 մլրդ. դոլարի ներդրում է կատարում՝ թուրքական Ակկույու ԱԷԿ-ի շինարարության համար:
Պուտինի խոսքերով,« կարևոր է, որ հաջողվել է դադարեցնել փոխադարձ առևտրաշրջանառության անկումը»: Նա ընդգծել է, որ 2017թ. առաջին ամիսներին « ապրանքաշրջանառության թեթևակի աճ է գրանցվել՝ մոտ 3%»:
Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության սահմանափակումներն արդեն հանված են: Ընդ որում առանց վիզայի Թուրքիա այցելությունների, և ՌԴ ներկրվող թուրքական լոլիկի հետ կապված սահմանափակումը դեռևս կպահպանվեն: Չնայած դրան երկրի ղեկավարը չի բացառել, որ ՌԴ-ն կազատականացնի այցելությունները թուրքական մասնագետների և գործարարների համար:
Էրդողանն իր հերթին ասել է, որ Պուտինին հրավիրել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում ՝ մայիս ամսին:
« Հույս ունեմ, որ խորհրդատվական աշխատանքը և մեր ընդունած որոշումները օգտակար կլինեն մեր երկրներին, տարածաշրջանին և ողջ մարդկությանը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Անվտանգությունն ու ահաբեկչության դեմ պայքարը
Պուտինը բարձրացրել է նաև Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների անվտանգության հարցը, հիշեցնելով, որ« այս մայիսյան տոներին արտասահման հանգստի մեկնած ռուս տուրիստների մեկ երրորդը հենց Թուրքիան է նախընտրել»:
« Այդ իսկ պատճառով սկզբունքորեն կարևոր է ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ապահովումը: Այս հարցերում ռուսական մասնագիտացված ծառայությունները պատրաստ են ամեն կերպ աջակցություն և օգնություն ցուցաբերել թուրքական հատուկ ծառայություններին: Հատուկ ծառայությունների միջև փոխգործակցությունն ամրանում է»,- ընդգծել է նախագահը:
Պուտինի խոսքերով, « գլոբալ և տարածաշրջանային օրակարգային հարցերի շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ մեծ ուշադրություն է հատկացվել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»:
Մասնավորապես, Մոսկվան և Անկրան կշարունակեն հակաահաբեկչության հարցում միջգերատեսչական խորհրդակցությունների պրակտիկան:
Էրդողանն իր հերթին հավաստիացրել է, որ Պուտինի հետ իր բանակցությունների արդյունքները« տեսանելի կլինեն» արդեն մի քանի օրից: Նրա խոսքերով Թուրքիան « ահաբեկչության դեմ պայքարի հարցում իր ռուս ընկերների կողքին է»: Նա նաև նշել է, որ «տեռորը սահմաններ չի ճանաչում»: