14-04-2016 15:29

Ռուսաստանը, ով ինչ էլ ասի, շահագրգռված է Ղարաբաղյան խնդրի լուծման հարցում. Պուտին

Ռուսաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ քաղաքացիների հետ «ուղիղ կապի» ժամանակ հնչած հարցին ի պատասխան։
«Շատ զգայուն թեմա է (Ղարաբաղյան հակամարտությունը- Խմբ. ), և ինձ թվում է, որ պետք է շատ զգույշ մոտենանք այդ թեմային։ Դա վաղեմի խնդիր է, վաղեմի հակամարտություն է: Այն սառեցված վիճակում էր: Ցավոք, տեղի ունեցավ բռնության այդ պոռթկումը, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի կարգավորենք այն, գտնենք երկու կողմերի համար ընդունելի լուծում։ Իհարկե, այստեղ հարկավոր են Ղարաբաղի վերաբերյալ երկարաժամկետ լուծումներ: Դրանք կարող են ձեռքբերվել բացառապես, ցանկանում եմ ընդգծել, քաղաքական միջոցներով: Հարկավոր է գտնել փոխզիջում: Ինձ թվում էր, որ մենք մի քանի տարի առաջ մոտեցել էինք այդ փոխզիջումը գտնելուն, սակայն պարզվեց, որ ցավոք, դա այդպես չէ»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը կաշխատի միջազգային կառույցների շրջանակներում, ինչպես նաև կշարունակի Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով գործունեությունը երկկողմանի կարգով:
«Ռուսաստանը, ով ինչ էլ ասի, շահագրգռված է այդ խնդրի լուծման հարցում, որովհետև մենք ցանկանում ենք լիարժեք աշխատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ»,- ասել է նա:
Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանում ապրում են մեծ թվով հայեր և ադրբեջանցիներ:
«Ավելին, ես գիտեմ և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների, ովքեր, չնայած ողբերգական իրադարձություններին, շարունակում են պահպանել շատ լավ միջանձնային հարաբերություններ և կարծում եմ, որ դա շատ ճիշտ է: Ռուսաստանը կներդնի իր ողջ ջանքերը, բայց իհարկե վերջնական որոշումը պետք է լինի հայ ժողովրդի և ադրբեջանցի ժողովրդի կողմից»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։