Բավ է պառակտվել
13-05-2015 10:08

Պուտինը և Քերրին Սոչիում չորս ժամ տևողությամբ բանակցություններ են անցկացրել

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին երկու տարվա ընթացքում առաջին անգամ ժամանեց Ռուսաստան:  Սոչիում նա հանդիպեց նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովին: Դա տեղի ունեցավ անմիջապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Մոսկվա կատարած այցից հետո: Սոչիում այդ երկխոսությունը ավելի քան չորս ժամ տևեց: Վերջին անգամ Քերրին այցելել էր ՌԴ 2013 թվականի գարնանը: Արդեն իսկ այդ ժամանակ երկկողմանի հարաբերությունները բավական սրվել էին: Իսկ Ղրիմում տեղի ունեցած իրադարձություններից, ինչպես նաև Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամից հետո Վաշինգտոնը հայտարարեց Ռուսաստանից մեկուսանալու մասին: ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը չէր հերքում և չէր հաստատում հանդիպման մասին տեղեկատվությունը: ԱՄՆ պետքարտուղարը ՌԴ նախագահին հանդիպելու հստակ ցանկություն էր արտահայտել: Ըստ որոշ տվյալների՝ հանդիպումը նախապատրաստվել էր Նոր տարուց ի վեր: Մարտի սկզբին Քերրին հայտարարեց, որ Պուտինը սխալ է հասկանում Վաշինգտոնի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում: «Իմ կարծիքով նախագահ Պուտինը սխալ է հասկանում Միացյալ Նահանգների մտադրությունների և փորձերի զգալի մասը: Մենք որևէ գունավոր հեղափոխությունների հետ որևէ կապ չունենք, ինչպես նա է ասում», — հայտարարել էր Քերրին: Նա նաև ընդգծել էր, որ Ուկրաինայի դեպքում ենթադրությունները հեռու են իրականությունից: Եվ այժմ հնարավորություն ընձեռնվեց անձամբ բացատրել այդ ամենը Պուտինին: Սոչիում երկխոսությունը այնքան լայն էր, որ ավելի քան չորս ժամ տևեց: Առաջինը բանակցությունների սրահ մտավ Քերրին: Նրան ուղեկցում էին քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը և ԱՄՆ դեսպան ՌԴ-ում Ջոն Թեֆթը: Հաշված րոպեներ անց հայտնվեցին Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Պուտինը միացավ բարձր մակարդակի հավաքին փոքր ինչ ավելի ուշ: Հանդիպման սկզբին Դմիտրի Պեսկովն ասաց, որ «օրակարգը չափազանց լայն է: Նախ կքքնարկվեն երկկողմանի հարաբերությունները, այնուհետև՝ բոլոր թեժ կետերը»: Միևնույն ժամանակ նրա խոսքով՝ ՌԴ նախագաը մտադիր չէր քննարկել պատժամիջոների թեման: «Սակայն եթե մեր զրուցակիցները շոշափում են այդ հարցը, ապա մենք, բնականաբար, արտահայտում ենք մեր դիրքորոշումը», — հավելեց Պեսկովը: ԱՄՆ պետքարտուղարը բանակցությունների ժամանակ հասցնում էր նաև գրառումներ կատարել Twitter-ում: Նա հաղորդեց «նախագահ Պուտինի և նախարար Լավրովի հետ առանցքային թեմաներով՝ Իրանի, Սիրիայի և Ուկրաինայի, անկեղծ քննարկումների մասին»: «Բանակցությունները տևական էին և բց: Դրանց բնույթը բավական բարյացկամ էր», — կիսվեց լրագրողների հետ իր տպավորություններով Ուշակովը: Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ միմյանց հետ հանգիստ և անկաշկանդ շփվելու ցանկություն հայտնեցին: Իսկ նախագահ Բարաք Օբաման իր ողջույներն էր հաղորդել Պուտինին: Սակայն երկու երկրների առաջնորդների հանդիպման հարցը չէր քննարկվել: Թեպետ նման հանդիպման հնարավորություն կա: Ինչ վերաբերվում է զրույցի բովանդակությանը, Պուտինը և Քերրին մանրամասնորեն քննարկեցին իրավիճակը Ուկրաինայում, այդ թվում նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի ավելի սերտ համատեղ աշխատանքը: Պուտինը ՌԴ-ի դիրքորոշումն արտահայտեց Ուկրաինայում խաղաղապահներին տեղափոխելու վերաբերյալ և ընդգծեց, որ Մոսկվան աջակցում է Կիևի և ապստամբների շուտափույթ  երկխոսությանը: «Նորմանդական ձևաչափը» ընդլայնելու վերաբերյալ հարց չի քննարկվել: Բացի այդ Ռուսաստանը և ԱՄՆ-ն պայմանվորվեցին շարունակել իրենց երկխոսությունը սիրիական կարգավորման վերաբերյալ: Ուշակովի գնահատականով՝ կողմերի միջև կայացած զրույցը մեծ առաջընթաց չէր, սակայն «առաջացան երկու մեծ երկրների նորմալ համագործակցությանը վերադառնալու ընկալման առաջին նշանները»: Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարը խոստովանեց, որ Սոչիում մեծ առաջնըթաց չէր սպասում, սակայն կարևոր է համարում ՌԴ-ի ղեկավարության հետ երկխոսությունը: Քերրին անկեղծորեն իրեն երախտագիտությունը հայտնեց Երկրորդ Համաշխարհային պատերազմում ԽՍՍՀ-ի ներդրման համար: «Նա այդ մասին խոսում էր շատ և մեծ զգացմունքով», —  նկատեց Ուշակովը: