17-05-2016 09:35

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են բանակցել (տեսանյութ)

Հայաստանը և Ադրբեջանը Ղարաբաղի հարցում փոխզիջումների են տրամադրված, հարկ է աջակցել այդ հարցում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ղարաբաղում հրադադարի պահպանման անհրաժեշտության մասին պայմանավորվածությունը ձեռք բերվեց քառօրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ: «Մենք պայմանավորվեցինք, և այդ մասին կասվի ամփոփիչ համատեղ հայտարարության մեջ, հասնել հրադադարի պահպանման, կրակի դադարեցման այն տեսքով, ինչ տեսքով այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 1994 և 1995 թվականներին»- հայտարարեց Լավրովը։ Նրա խոսքով` հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեցնեն իրենց հաջորդ հանդիպման օրը և վայրը, և այդ հանդիպման ժամանակ, հաշվի առնելով այն, ինչ արդեն տեղի է ունեցել քաղաքական գործընթացի շրջանակում, կշարունակվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորման չափանիշների համաձայնեցման աշխատանքը: Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ս.թ. ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: