Բավ է պառակտվել
19-01-2015 11:35

Ապրիլի 24-ը հայտարարել Դարդանելի ճակատամարտի օր՝ առնվազն ցինիզմ.թուրքագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը համոզմունք հայտնեց, թե ապրիլի 24-ը Չանաքքալեի կամ Դարդանելի ճակատամարտում Թուրքիայի հաղթանակի 100-ամյակի օր հռչակելը կարող է ռիսկային լինել Թուրքիայի համար և հեղինակազրկել վերջինիս:
«Բավական երկար ժամանակ է՝ Թուրքիայում պատրաստվում էին Դարդանելի ճակատամարտի հարյուրամյակին, բայց օրվա ընտրությունն արդեն բարոյականությունից դուրս է: Հստակ է ու պարզ, որ Թուրքիայի Նախագահը այս քայլով փորձելու է աշխարհի ուշադրությունը կենտրոնացել այս իրադարձության վրա և ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից: Թուրքիան մեծ երկիր է, և ինչ-որ չափով կարող է դա իրեն հաջողվել, բայց ապրիլի 24-ը հայտարարել Դարդանելի ճակատամարտի օր՝ առնվազն ցինիզմ է ու անարգանք 1.5 մլն զոհված հայերի հիշատակին»,-ասաց փորձագետն ու ընդգծեց, որ ապրիլի 24 ամսաթիվը որևէ առնչություն չունի ամիսներ տևած ճակատամարտի որևէ կարևոր իրադարձության հետ: 
«Այդ ճակատամարտում Թուրքիայի համար կարևոր ամսաթիվը մարտի 18-ն է»,–ասաց թուրքագետը և հավելեց, որ արտաքին քաղաքականության մեջ Թուրքիան բավականին շատ պարտություններ է կրում ու բացասական իմիջ է ձեռք բերել հատկապես Սիրիայի, Եգիպտոսի և այլ խնդիրների հետ կապված։
Անդրադառնալով Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ճակատամարտի հաղթանակի տոնակատարությանը ՀՀ Նախագահին մասնակցելու հրավեր ուղարկելուն և ՀՀ Նախագահի պատասխանին՝ թուրքագետն ասաց. «Դիպուկ էր Նախագահի պատասխանը և միաժամանակ զերծ էր հուզականությունից, էթիկայի սահմաններում էր և հիմնավորված կետ առ կետ: Հենց միայն այն, որ Նախագահը նշեց՝ մեզ մոտ ընդունված չէ, որ հյուրընկալողը հյուրընկալվի առանց պատասխան ստանալու, մեծ արձագանք գտավ թուրքական լրատվամիջոցներում, և Թուրքիան արդեն իսկ պարտվողական դիրքերում հայտնվեց»: