Բավ է պառակտվել
21-03-2015 12:39

Ապրիլի 24-ից առաջ Բաքուն կփորձի ծառայություն մատուցել Թուրքիային.Թ. Պողոսյան

Ապրիլի 24-ի նախաշեմին Ադրբեջանը կփորձի ծառայություն մատուցել Թուրքիային՝ սահմանային միջադեպերի տեսքով։ Այս մասին մարտի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը։ Անդրադառնալով ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիայի վերջին դեպքին՝ պատգամավորը հայտարարել է, որ 18-19 տարեկան հայ զինվորները առաջին անգամ չեն ապացուցում, որ ոչնչով չեն զիջում Թուրքիայում պատրաստություն անցած ադրբեջանական պրոֆեսիոնալ զինվորականներին։ Թեւան Պողոսյանը հույս է հայտնել, որ կգա այն օրը, երբ առաջնային գծում մարդկանց փոխարեն հատուկ մշակած սարքավորումներ կլինեն։ «Հայկական բանակը լիովին կատարում է իր առջեւ դրված խնդիրները»,- հայտարարել է պատգամավորը։ Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին փախուստի դիմել, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս՝ ամբողջությամբ ոչնչացրել են առնվազն 12 հոգանոց խմբին իրենց դիրքերի մատույցներում: