01-04-2016 11:03

Ադրբեջանի նման սադրանքները օրինաչափություն են դարձել. Էդվարդ Նալբանդյան

ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ԱՄՆ-ում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 31-ին Վաշինգթոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին:

ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ամերիկացի համանախագահի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական խախտումների վրա։ «Բաքուն, անտեսելով համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահության հատուկ ներկայացուցչի համատեղ կոչը՝ հանդարտություն պահպանել կրոնական տոների օրերին, ակտիվացրել է հրադադարի կոպտագույն խախտումները Սուրբ Զատիկի նախաշեմին եւ օրերին», - նշել է ԱԳ նախարարը:

Էդվարդ Նալբանդյանը շեշտել է. «Ադրբեջանի նման սադրանքները օրինաչափություն են դարձել։ Նույնը կատարվում է նաեւ բանակցային գործընթացում։ Եթե նախկինում Բաքուն զանազան միջոցներով խոչընդոտում էր բանակցությունները, փորձում էր հարցը տեղափոխել այլ հարթակներ, ապա այժմ, հավանաբար, տեսնելով իր քայլերի անարդյունավետությունը, ոչինչ չի կարողացել հորինել, քան Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից հրաժարվելը»։ Նախարար Նալբանդյանը շեշտել է, որ, անշուշտ, սա բանակցային գործընթացի եւ համանախագահների վրա ճնշում գործադրելու հերթական ապարդյուն փորձ է։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման հնարավորությունների շուրջ։