12-04-2016 14:49

ԼՂ–ում տեղի ունեցածն Ալիևի վարչակազմի արկածախնդրություն էր. Հայկ Դեմոյան

Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում ապրիլյան առաջին օրերին, բացարձակ արկածախնդրություն էր Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։ 
Ըստ նրա՝ ադրբեջանական արկածախնդրությունն ուներ հստակ ներքին ու արտաքին պատճառներ։ «Միամիտ պետք է լինել կարծելու, որ Ադրբեջանը չէր պատրաստել այս սցենարը, այս սցենարը գոյություն ուներ։ Դրա համար ադրբեջանական տեսանկյունից պետք էր ճիշտ ժամանակի ընտրություն և կայծը; Գիտեք, որ արտաքին ճակատում Ադրբեջանն այդքան էլ ուժեղ չէ՝ կան սանկցիաներ, նավթի գինը անկում է ապրում, տեղեկատվական հոսքերը զարգանում են ոչ հօգուտ Ադրբեջանի»,– ասաց նա։
Ըստ Հայկ Դեմոյանի՝ ներքին ճակատում նույնպես Ադրբեջանը խնդիրներ ունի, սոցիալական լուրջ հարցեր կան, մանաթն արժեզրկվեց։ 
«Մենք գործ ունենք նավթային մեղրամսի ավարտի հետ։ Վերջացավ։ Մի նոր փուլ է սկսվում Ադրբեջանի համար, որը ես կկոչեի՝ դանդաղ սահուն, բայց հաստատ անկման ռեժիմով ադրբեջանական պետության անկումն է։ Սա ազդարարեց մեկ նոր փուլ։ Ապրիլյան այս զանգը ազդարարեց նոր փուլի մասին, որ ադրբեջանական ղեկավարությունը գնաց «վաբանկի»։ Ռազմական արկածախնդրությունը ոչ միան թղթախաղի սիրահար Ալիևի քմահաճույքն է, աայլ վկայում էր այն մասին, որ փրկել է պետք ադրբեջանական պետականության թուլացումը»,- նշեց Հայկ Դեմոյանը։
Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանի նախագահն իր բերանով ընդունել է իրենց կապիտուլիացիան, որը հայր՝ Հեյդար Ալիևը, ընդունել էր դեռ տարիներ առաջ Բիշքեկում, իսկ որդին՝ Իլհամ Ալիևը, ընդունեց «Թվիթեր»–ում։ Հ․Դեմոյանը շեշտեց՝ Ադրբեջանը կրել է ռազմական պարտություն։ 
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն ասաց, որ պետք է գլուխ խոնարհել հայ զինվորների, սպայակազմի առաջ, ում աշխատանքի արդյունքում տապալվեց արկածախնդրությունը։

Դեմոյանը նաև նկատեց, որ պատահական չէր, որ Ադրբեջանը քառօրյա պատերազմը սկսվեց ոչ աշխատանքային՝ շաբաթ և կիրակի օրերին, հույս ունենալով, որ տեղեկատվական դաշտում ինֆորմացիայի բացակայությունը կաշխատի հօգուտ իրեն։

«Երկուշաբթի պարզ էր, որ ադրբեջանական կողմը գործի դրեց զենքի այն տեսականին, որը վկայեց իրենց խուճապահար լինելու մասին։ Այդ տեղանքում նման զենքերի կիրառումը վկայեց չտեսության, ռազմական տհասության մասին»,- նշեց Դեմոյանը։

Վերջինս շեշտեց, որ Թուրքիան է հրահրել է Ադրբեջանին գնալ արկածախնդրության, նվազագույնը՝ տեղյակ է եղել այն մասին, որ Ադրբեջանը նախաձեռնում է նման գործողություններ։

«Առանց Թուրքիայի գիտության Ադրբեջանը նման քայլեր չէր սկսի։ Փաստ համար մեկն այն է, որ առաջին թնդանոթի միս, որը տեսանք, թուրքական արտադրության էր, այդ զինվորներն անցել էին ռազմակայան պատրաստվածություն թուրքական ռազմական բազաներում»,- հավելեց նա։