25-05-2016 11:34

Ազգային ժողովը 3-րդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը

ՀՀ խորհրդարանը մայիսի 25-ին, 3-րդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը։ Կողմ է քվեարկել 102 պատգամավոր, դեմ՝ 17-ը, ևս 3-ը ձեռնպահ են մնացել:

Նշենք, որ առաջին եւ երկրորդ ընթերցումների միջեւ նախագծում մի շարք փոփոխություններ են կատարվել, իսկ երրորդ ընթերցումից առաջ կատարվել են միայն խմբագրական փոփոխություններ:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն իր եզրափակիչ ելույթում նշեց, որ այս ընթացքում եղել են շտկումներ՝ որոշ նախադասություններ վերաշարադրվել են, մի երկու վրիպակ են գտել, խմբագրել: «Եթե անգամ հունիսի 1-ից հետո մեզ հաջողվի գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնք կուժեղացնեն Ընտրական օրենսգրքի նախագիծն ու այդ մեխանիզմները իրական կլինեն, մենք ԱԺ արտահերթ նիստ կամ նստաշրջան կհրավիրենք՝ ներկայացնելու առաջարկություններ՝ փոփոխություններ կատարելու համար»,-ասել է նա:

Ընտրական օրենսգրքի նախագծի համաձայն, խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են: Դրանք տեղի են ունենալու բացառապես համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով): Եթե որեւէ կուսակցություն չի ստանում բացարձակ մեծամասնություն եւ երեք օրվա ընթացքում չի հաջողվում կոալիցիա ձեւավորել, ապա նախագահական ընտրությունների նման առաջին երկու տեղը զբաղեցրած ուժերի մասնակցությամբ տեղի է ունենում ընտրությունների երկրորդ փուլ:

Ընդ որում, առաջին փուլից հետո խորհրդարան անցած կուսակցությունները կարող են միավորվել երկրորդ տեղը գրաված ուժի հետ եւ կոալիցիա կազմել: Հաղթող ուժը (լինի առաջին, թե երկրորդ փուլի արդյունքում) ստանում է մանդատների առնվազն 54 տոկոսը, սակայն չի կարող ունենալ մանդատների թիվի 2/3-ից ավելին: Իսկ եթե ընտրությունների առաջին փուլում որեւէ ուժ ստացել է մանդատների 2/3-ից ավելին, այդ դեպքում մանդատներ են բաշխվում մյուս ուժերին, որպեսզի առաջատար ուժի տեսակարար կշիռը նվազի 2/3-ից:

Բացի այդ, երաշխավորված տեղեր են հատկացվելու առավել խոշոր 4 ազգային փոքրամասնություններին:

Նախատեսված է նաեւ էլեկտրոնային ցուցակների ներդրում, իսկ դիվանագետների եւ արտերկրում գործող հայկական ընկերությունների աշխատակիցների համար կգործի էլեկտրոնային քվեարկություն: