Բավ է պառակտվել
07-10-2014 15:40

ԲՀԿ խմբակցությունը չի հայտարարել, թե ընդդիմություն է. Ս. Մարգարյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարել է, թե ԲՀԿ-ն չի հայտարարել, որ ինքն ընդդիմություն է:
«Ընդդիմություն լինել-չլինելը երկու ձեւ ունի. առաջինը խորհրդարանի կանոնակարգով, երբ մինչեւ հերթական նստաշրջանի սկիզբը խմբակցությունը հայտարարում է, որ ինքն ընդդիմություն է: Մեր դեպքում նման հայտարարություն չի եղել: Եթե նույնիսկ հայտարարեինք, որ ընդդիմություն ենք, մեր այսօրվա գործողություններում ոչինչ չէր փոխվի: Այն, ինչ հիմա մենք անում ենք, ճիշտ է անկախ նրանից, մենք մեզ ընդդիմություն հայտարարել ենք, թե ոչ»,-ասել է Մարգարյանը:
Պատգամավորի խոսքով՝ ԲՀԿ-ն ներկայումս գտնվում է այն քաղաքական դաշտում, որը համարում է, որ երկրում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք չեն լուծվում եւ լուծման համար մենք շատ բան պիտի անենք:
Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի երեկվա այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն է համարում, Մարգարյանը նշեց, որ իրենց կուսակցության ներկայացուցիչները բազմիցս նման կոչերով են հանդես եկել, եթե ոչ նույն, ապա դրան շատ նման ձեւակերպումներով:
«Երկրում այնպիսի իրավիճակ է, երբ իշխանության եւ ժողովրդի միջեւ անդունդ է գոյացել եւ այն հնարավոր չէ լցնել: Իշխանությունները նույնպես դա գիտեն, ու դրա համար նրանք սահմանադրական բարեփոխումներ են նախաձեռնել, որպեսզի ապահովեն իրենց հետագա գործունեությունը: Մենք մտադիր ենք թույլ չտալ դա»,-ասել է պատգամավորը:
Մարգարյանի խոսքով՝ իշխանափոխությունն իրենց համար ինքնանպատակ չէ. «Մենք դեմ ենք սահմանադրական բարեփոխումներին: Հայաստանի իշխանությունը կփոխվի, մենք միշտ ասել ենք այդ մասին: Մենք գործ ունենք պաշտոնից հեռացող նախագահի հետ, որի հետ կհեռանա նաեւ երկրի քաղաքական իշխանությունը: Եթե ոչինչ չպատահի, ապա դա տեղի կունենա: Եթե մենք թույլ չտանք սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, ապա իշխանափոխությունն այսպես թե այնպես տեղի կունենա: Եթե իշխանություններն իրենց համարժեք պահեն եւ մեզ համար ընդունելի ու ստեղծված իրավիճակից դուրս բերող քայլեր ձեռնարկեն, ապա դա քննարկման առարկա կդառնա, իսկ եթե ոչ, ուրեմն մենք ավելի արմատական մոտեցում կցուցաբերենք»:
Հիշեցնենք, որ Վանաձորում խորհրդարանական եռյակի կազմակերպած հանրահավաքի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երկրում իշխանափոխության կոչ էր արել: