Բավ է պառակտվել
25-06-2015 15:49

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է. ՀՀ ԱԳ նախարար

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նոր փուլ, նոր սկիզբ է այս անշրջելի գործընթացի համար: Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում բազմաթիվ ճանաչումներ եղան, արդյո՞ք կշարունակվեն այս գործընթացները: «Հատկանշական է, որ տարբեր երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն իրականանում է բոլոր ներկայացված քաղաքական ուժերի մասնակցությամբ ու աջակցությամբ»,- ասաց նախարարը՝ առանձնացնելով այս շարքում վերջին ճանաչումները՝ Բոլիվիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Բրազիլիա: Է. Նալբանդյանը նշեց, որ շատ գնահատելի են երկրների ղեկավարների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարությունները: Արտգործնախարարն այս շարքում առանձնացրեց Գերմանիայի նախագահի, Բելգիայի վարչապետի հայտարարությունները: «Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է»,- ընդգծեց նախարար Նալբանդյանը: Լյուբոմիր Զաորալեկն իր խոսքում նշեց, որ այսօր առիթ է ունեցել այցելել Հայոց ցեղասպանության թանգարան՝ ծանոթանալու Հայաստանի պատմության ողբերգական այդ էջին: «Համոզված եմ, որ հանրային բանավեճը կշարունակվի: Բացարձակապես պարզ է, որ այդ իրադարձությունը պետք է պատմության ուսուցման մաս կազմի, չպետք է մոռացվի, պարտավոր ենք մեր մտքում պահել»,- ասաց Չեխիայի արտգործնախարարը: