Բավ է պառակտվել
18-02-2017 12:57

ԱՄՆ-ի հայամետ կոնգրեսականները Թրամփին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախումբը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Որևէ կասկած չկա, որ մոտ 1,5 միլիոն հայ սպանվել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ: Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն արձանագրել է այդ ցեղասպանությունն ու զգալի միջոցներ հավաքել՝ տուժած հայերին օգնելու նպատակով»,- ասված է դեմոկրատներ Ֆրենկ Փալոնի, Ջեքի Սփայերի, Ադամ Շիֆի և հանրապետականներ Դեյվիդ Թրոթի, Դեյվիդ Վալադոի և Գուս Բիրիլակիսի համատեղ հայտարարության մեջ:
Ապրիլի 24-ին ընդառաջ, հայամետ կոնգրեսականները դիմել են նաև իրենց գործընկերներին՝ հորդորելով միանալ իրենց նախաձեռնությանն ու կոչ անել Սպիտակ տան ղեկավարին՝ այս տարի հստակ և ճշգրիտ կերպով կոչել 1915 թվականի իրադարձությունները:
«Ճանաչելով Հայերի ցեղասպանությունը ՝ Միացյալ Նահանգների նախագահը հարգանքի տուրք կմատուցի ոչ միայն զոհերի հիշատակին, այլ նաև վերապրողների տոկունությանն ու հայկական արմատներ ունեցող բազմաթիվ ամերիկացիներին, որոնք մինչ օրս հզորացնում են մեր երկիրը»,-գրել են ամերիկյան կոնգրեսականները:
Նախագահ Թրամփին ուղղված նամակում նրանք նաև նշել են, որ ճանաչումը կհաստատի ամերիկյան վարչակազմի, այդ թվում՝ կառավարության ու օրենսդիր մարմնի կողմից նախկինում արված քայլերը:
«Նախագահ Ռեյգանը 1981 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, նույնն արել է նաև Էյզենհաուերի վարչակազմը 1951 թվականին՝ Արդարադատության միջազգային դատարան ներակայացրած փաստաթղթով:
Ներկայացուցիչների պալատը ոգեկոչել է Հայոց ցեղասպանությունը 1975 և 1984 թվականներին ընդունված բանաձևերով»,- հիշեցրել են հայամետ կոնգրեսականները, հավելելով, որ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերից հետո, ասորիներին, հույներին ու հետապնդման ենթարակված մյուս փոքրամասնություններին օգնելու համար Վաշինգտոնը պատմական մակադակի օգնություն է տրամադրել, Կոնգրեսի հովանավորությամբ գործող մերձավորարևելյան կոմիտեն այն տարիներին 116 միլիոն դոլար է հանգանակել, որը հավասարազոր է այսօրվա 2,5 միլիարդ դոլարին: «Ամերիկյան ժողովրդի առատաձեռնությունը փրկեց անհամար կյանքեր և օգնեց հայկական մշակույթի պահպանմանը»,- Թրամփին ուղղված նամակում գրել են կոնգրեսականները:
Ավելի վաղ նրանք Հայոց ցեղաասպանության ճանաչման հարցով դիմել էին Միացյալ Նահանգների նոր պետքարտուղարին՝ պարզելու համար նոր վարչակազմի դիրքորոշումը ամերկահայերի համար զգայուն այս հարցերի շուրջ: «1915 թվականի ողբերգական իրադարձությունները մնում են ցավոտ խնդիր Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում, և Միացյալ Նահանգների շահերից է բխում երկու երկրների միջև խաղաղ ու կայուն հարաբերությունների ապահովումը»,-ասել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, խոստանալով աջակցել պատմական դեպքերի լիակատար ընդունմանն ու Հայաստանի և Թուրքիայի միջև բաց երկխոսությանը:
Պետդեպարտամենտի նոր ղեկավարը նաև խոստացել էր աջակցել Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների՝ այդ թվում նաև հայերի իրավունքների և մշակութային ժառանգության պահպանության հարցերը: