17-04-2015 09:31

1915 թ. հայերի սպանությունների ճանաչումը բխում է Թուրքիայի, ՀՀ-ի և ԱՄՆ-ի շահերից. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս ճանաչել են այն պատմական փաստը, որ Օսմանյան Թուրքիայի գոյության վերջին տարիներին սպանվել կամ անապատներ է մահվան ուղարկվել մեկ ու կես միլիոն հայ: Այդ մասին հայտարարեց Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեստը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս տարվա ապրիլի 24-ին հայերին ուղղված իր ցավակցական խոսքում կարտասանի «ցեղասպանություն» բառը: «Մենք մեր ցավն ենք հայտնում այդ մահերի կապակցությամբ և ընդգծում, որ այդ փաստի լիարժեք, ազնիվ և արդար ճանաչումը բխում է ընդհանուր շահերից, այդ թվում նաև Թուրքիայի, Հայաստանի և Ամերիկայի»,- նշեց Էրնեստը: Ազգերը ավելի են հզորանում, երբ զարգանում են, ճանաչելով անցյալի խնդրահարույց դրվագները, և հենց այդ ճանաչման մեջ է կայանում նոր, ավելի հանդուրժողական ապագայի կառուցումը, նշեց Սպիտակ տան մամլո խոսնակը: Նրա խոսքով՝ այդ պատմական փաստի ճանաչման անհրաժեշտությունը երկար տարիների ընթացքում հանդիսանում էր որպես ամերիկյան վարչակազմի անսասան մոտեցում: «Ավանդաբար նախագահը ապրիլի վերջին հայտարարությամբ է հանդես գալիս այդ իրավիճակի, այդ սարսափելի պատմական իրադարձության կապակցությամբ, և ես չեմ կարծում, որ մեր քաղաքականությունը տվյալ հարցում փոփոխության կենթարկվի»,- հավելեց Էրնեստը: