Բավ է պառակտվել
16-03-2015 17:15

Ցեղասպանության ճանաչումը պետք է բարձր լինի քաղաքական հաշվարկներից. ՀՀ ԱԳՆ

Պետությունները չպետք է ստորադասեն այս վեհ նպատակը որեւէ աշխարհաքաղաքական հաշվարկների։ Այս մասին, այսօր Եվրանեսթ ԽՎ Քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստին իր ելույթում հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով՝ դեռեւս 1987թ. Եվրոպական խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ 2000, 2002, 2005 թվականներին վերահաստատել Ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը` դրանով իսկ իր մեծ ներդրումն ունեցել այս ուղղությամբ իրականացվող ջանքերում: «Մենք մեծապես գնահատում ենք նաեւ, որ Եվրոպական խորհրդարանը իր տարբեր բանաձեւերում կոչ է արել Թուրքիային բացել սահմանը հարեւան Հայաստանի հետ եւ հաստատել բնականոն դիվանագիտական հարաբերություններ: Մարտի 3-ին Եվրոպական ժողովրդական կուսակցությունն ընդունել է բանաձեւ, որը կոչ է անում Թուրքիային ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունը եւ դիմում է միջազգային կազմակերպություններին, Եվրոմիության եւ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին՝ վերականգնելու պատմական արդարությունը եւ հիշատակի տուրք մատուցել զոհերին»,-ասել է Նալբանդյանը: Նրա խոսքով՝ չորս օր առաջ` մարտի 12-ին, Եվրախորհրդարանը ընդունել է Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վերաբերյալ 2013 թվականի իր տարեկան զեկույցը, որում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը եւ խրախուսում ԵՄ կառույցներին՝ նպաստելու Ցեղասպանության ճանաչմանը»: 

«Ցանկանում եմ օգտագործել այս առիթը` եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու բոլոր նրանց ովքեր նպաստել են այս ձեւակերպումների ընդունմանը: Մեր բոլորի համատեղ ջանքերի միջոցով է միայն հնարավոր էական ներդրում ունենալ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում»,-ամփոփել է նա: