Բավ է պառակտվել
11-12-2017 15:57

Ադրբեջանի նախգահական ընտրությունները կարող են ազդել ղարաբաղյան հակամարտության վրա. Քաղաքագետ

2018 թվականին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները կարող են նպաստել ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճին: Այդ մասին հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները նախատեսված են 2018 թվականի հոկտեմբերին:
«Ադրբեջանում քաղաքական և տնտեսական զարգացումները միշտ եղել են և կլինեն խթան՝ հակամարտության գոտում լարվածության աճի համար, և հետևաբար, չի կարելի բացառել, որ 2018 թ. նախագահական ընտրությունները կարող են նպաստել սահմանին լարվածության աճին», - ասել է Իսկանդարյանը:
Միևնույն ժամանակ, փորձագետը շեշտել է, որ կողմերի միջև լայնածավալ պատերազմի վերսկսման համար նախադրյալներ չկան:
«Կողմերի միջև հավասարակշռությունն այսօր այնպիսին է, որ լայնածավալ ռազմական գործողությունների կամ լայնածավալ պատերազմի վերսկսման համար նախադրյալներ չկան, և քիչ հավանական է, որ դրանք հայտնվեն եկող տարվա ընթացքում », - նշել է քաղաքագետը:
Նա նաև մեկնաբանել է մի շարք ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ 2018 թվականին Ադրբեջանի նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել Իլհամ Ալիևի կինը՝ երկրի գործող փոխնախագահ Մեհրիբան Ալիևան:
«Դրա հավանականությունը չափազանց փոքր է, քանի որ նախ և առաջ դրա անհրաժեշտությունը չկա: Բացի այդ, այնքան կարևոր չեն անձինք, որքան կարևոր է քաղաքական ռեժիմի էությունը: Նույնիսկ եթե ենթադրենք, որ Մեհրիբանը կարող է զբաղեցնել նախագահի պաշտոնը, չպետք է Ադրբեջանում որևէ փոփոխություն ակնկալենք, այդ թվում նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում», - ասել է Իսկանդարյանը: