Բավ է պառակտվել
16-10-2017 16:38

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները առանձնազրույց են ունեցել

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը առանձին, դեմ առ դեմ հանդիպում են անցկացնում. այս մասին իր Twitter-յան միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
« Բանակցությունների ավարտին, այս պահի դրությամբ, ընթանում է Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիև դեմ առ դեմ հանդիպումը»,- նշել է Հակոբյանը:
Ավելի վաղ Ժնևում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
Հանդիպմանը, որն անցել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում, բացի միջնորդներ Իգոր Պոպովից (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերից (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիից (Ֆրանսիա) ներկա են գտնվել նաև երկու երկրների ԱԳՆ-ների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: