Բավ է պառակտվել
30-01-2015 09:17

Թուրքիան պետք է քաջություն ունենա և ընդունի Ցեղասպանությունը. Ուրուգվայի նախագահ

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան երկրի ազգային ռադիոյով և հեռուստատեսությամբ Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված իր ելույթում խոսել է նաև Հայոց ցեղասպանության մասին և կարևորել 20-րդ դարի առաջին ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Ուրուգվայի նախագահը մասնավորապես ասել է:

«Մենք մեր աջակցությունն ենք հայտնում հրեա ժողովրդին: Նրանք մեր ազգի կարևորագույն մասերից են: Մենք չպետք է մոռանանք նաև Հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանությունը: Ուրուգվայը պնդում է, որ պատշաճ հարգանք ու հանդուրժողականություն պետք է լինի մարդկության դեմ գործած բոլոր հանցանքների համար»,- ասել է Մուխիկան` հավելելով, որ միայն խիստ և ուժեղ կրթությունը, և հանդուրժողականությանն ուղղված թրեյնինգները կարող են դառնալ աշխարհում խաղաղ գոյակցության երաշխավորը:

Նախորդ շաբաթ Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան հանդիպել էր Ուրուգվայի հայ համայնքի անդամներին: Մուխիկան, ընդառաջելով հայ համայնքի խնդրանքին, համաձայնել է իր բարձր հովանավորությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ուրուգվայում տեղի ունենա իք ձեռնարկներին:

«Գիտեմ, որ թուրքերը կնեղանան, սակայն համոզված եմ, որ Ցեղասպանություն է տեղի ունեցել, և եթե կարող եմ օգտակար լինել՝ սիրով համաձայն եմ ընդունել այդ առաջարկը: Թուրքերը պետք է սովորեն համբերություն ունենալ, աշխարհում, պետք է լինի բազմակարծություն, և մենք պետք է հարգենք այն, այլապես հնարավոր չի լինի ապրել»,- ասել է նա` հավելելով, որ նվազագույնը, որ պետք է անի թուրքական պետությունը, ինքնաքննադատության քաջություն ունենալն է՝ ընդունելու կատարված բարբարոսությունները։