Բավ է պառակտվել
19-03-2015 08:30

Հայաստանը դատապարտում է «Իսլամական պետության» ոճրագործությունները.նախագահ

ՀՀ-ԵՄ համագործակցությունը նշանավորվել է լուրջ ձեռքբերումներով, որը համատեղ ջանքերի, քաղաքական կամքի ու երկուստեք պատրաստակամության արդյունք է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը  Երեւանում ընթացող «Արարատի ստորոտին» միջազգային մեդիահամաժողովի ընթացքում։ «Լինելով եվրոպական ընտանիքի եւ քաղաքակրթության լիարժեք անդամ եւ մեր զարգացման հիմքում կրելով եվրոպական արժեհամակարգի սկզբունքները՝ մենք գործուն ջանքեր ենք ներդնում ինչպես եվրոպական առանձին երկրների, այնպես էլ ԵՄ եւ մեր արեւմտյան գործընկերների հետ հարաբերությունների խորացման գործում: ՀՀ-ԵՄ համագործակցությունը նշանավորվել է լուրջ ձեռքբերումներով, որը համատեղ ջանքերի, քաղաքական կամքի ու երկուստեք պատրաստակամության արդյունք է: Այս տարիների ընթացքում մեր երկխոսության մեջ կենտրոնական տեղ են զբաղեցրել նաեւ Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումները»,- նշել է նա: Սարգսյանը նկատել է, թե մենք մտադիր ենք պահպանել այս ձեռքբերումները, ավելին՝ խորացնել եւ զարգացնել դրանք նորանոր նախաձեռնություններով: «Այդ մասին է վկայում 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությունը, որով վերահաստատվեց համապարփակ համագործակցությունը ավելի զարգացնելու եւ ամրապնդելու փոխադարձ հանձնառությունը: Ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ԵՄ-ի հետ մեր նոր իրավապայմանագրային հիմքը ձեւավորելու ուղղությամբ»: «Միաժամանակ, չեմ կարող չնշել, որ 21-րդ դարում համաշխարհայնացման բուռն տեմպերի պայմաններում, երբ աշխարհը շարժվում է մեկ միասնական տարածքի ձեւավորման ուղղությամբ, երբ կարծես թե պետությունների միջեւ տնտեսական սահմանները կորցնում են իրենց նշանակությունը, անիմաստ է դառնում խոսել տարբեր ինտեգրացիոն մոդելների հակադրման մասին: Այս առումով, մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Հայաստանը, անդամակցելով ԵՏՄ-ին, կարող է կապող օղակ հանդիսանալ այդ կառույցի երկրների եւ արեւմտյան երկրների գործարար համայնքների համար: Մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգն օր օրի ընդլայնվում է՝ իր մեջ ներառելով նոր գործընկերներ: Ակտիվացել են հարաբերությունները լատինամերիկյան, ասիական տարածաշրջանի երկրների հետ, ջերմ ավանդական հարաբերություններ ենք զարգացնում արաբական աշխարհի հետ: Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ակտիվ համագործակցություն ենք ծավալում Չինաստանի, Ճապոնիայի եւ մի շարք այլ երկրների հետ: Մի քանի օրից կայանալու է իմ պետական այցը Չինաստան, որը, վստահ եմ, նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը տարբեր բնագավառներում»,- արձանագրել է նախագահը: Նա շեշտել է, թե բնականաբար մեր արտաքին քաղաքականության եւ անվտանգության վրա չեն կարող չազդել հարեւան տարածաշրջաններում եւ ընդհանրապես միջազգային ասպարեզում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում ընթացող տագնապալի գործընթացները: «Այսօր Սիրիայում եւ Իրաքում, այսպես կոչված, «Իսլամական պետությունը» իրական սպառնալիք է դարձել ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային անվտանգության համար: Հինավուրց քաղաքակրթությունների բնօրրան հանդիսացող Մերձավոր Արեւելքում վտանգված է այդ նույն քաղաքակրթությունների գոյությունը: Սիրիայում եւ Իրաքում հայ համայնքներն անմասն չեն այդ ամենից: Ցեղասպանությունից մազապուրծ հայորդիները, որ ապաստան էին գտել Սիրիայում, Իրաքում, այժմ էլ բախվել են նշված մարտահրավերներին: Հայաստանն արդեն ընդունել է ավելի քան տասը հազար փախստական Սիրիայից: Հայաստանը դատապարտում է «Իսլամական պետության», Ալ Նուսրայի, այլ ահաբեկչական խմբերի կողմից իրականացված ոճրագործություններն ու վայրագությունները եւ կոչ է անում միջազգային հանրությանը վճռական քայլեր ձեռնարկել այս նոր արհավիրքի դեմ։ Այս համատեքստում Հայաստանը միանգամայն սատարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի լիակատար իրականացմանը»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը: