08-05-2017 10:40

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Մակրոնին

 

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին, այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ նախագահական ընտրությունների արդյունքում « Առա՛ջ» կուսակցության առաջնորդ Էմանուել Մարկոնը 66,06% ձայներով հաղթանակ է տարել: Նրա հիմնական հակառակորդ, «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը հավաքել է 33,94% ձայն։
«Մեծարգո՛ պարոն նախագահ: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի և երկրի ղեկավարի բարձրագույն պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,-ասված է Սարգսյանի ուղերձում։
Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Մարկոնի պաշտոնավարության ընթացքում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության վրա խարսխված՝ մեր երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական սերտ երկխոսությունը, տնտեսական բազմոլորտ համագործակցությունը և մշակութային գործուն կապերը կշարունակեն առավել զարգանալ և խորանալ:
«Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի կարևոր և շարունակական ջանքերը Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ միասին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը»,- ընդգծել է Սարգսյանը:
Նա նաև ընդգծել է Ֆրանսիայի կարևոր դերը եվրոպական ընտանիքին Հայաստանի մերձեցման, ինչպես նաև միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում, մեր երկրների միջև հաստատված սերտ համագործակցության հարցում:
«Վերստին Ձեզ հղելով իմ անկեղծ շնորհավորանքը՝ մաղթում եմ հաջողություններ և ձեռքբերումներ Ձեր բարձր առաքելության մեջ՝ ի նպաստ բարեկամ Ֆրանսիայի առաջընթացի և բարօրության:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,- ասված է Սարգսյանի հաղորդագրության մեջ: