Բավ է պառակտվել
20-02-2015 15:58

Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպանների հետ: Աշխատանքային ճաշի ձեւաչափով կայացած հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը կարեւորել է ավանդական դարձած այսպիսի անմիջական շփումներն ու մտքերի փոխանակումը: Նախագահն իր ներածական խոսքում բարձր է գնահատել ԵԱՀԿ դերակատարությունը եւ ներուժը Եվրոպական անվտանգության պահպանման, ինչպես նաեւ հակամարտությունների կարգավորման գործում: Սերժ Սարգսյանի խոսքով, ԵԱՀԿ-ն մնում է որպես համաեվրոպական կարեւոր հարթակ մարդու իրավունքների, ռազմաքաղաքական եւ տնտեսական-բնապահպանական հարթություններում առկա խնդիրների բարձրաձայնման ու քննարկման համար:

Այս համատեքստում Հանրապետության Նախագահն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահ երկրների ակտիվ դերակատարության պահպանումը խիստ կարեւոր է ոչ միայն ԼՂ հակամարտության կողմերի եւ մեր անմիջական տարածաշրջանի, այլեւ ամբողջ Եվրոպայի անվտանգության համար: Նախագահ Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է տարբեր առիթներով բազմիցս հրապարակված Հայաստանի այն դիրքորոշումը, ըստ որի՝ միջազգային իրավունքի եւ Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները չեն կարող կամայականորեն մեկնաբանվել, եւ դրանցից որեւէ մեկը չի կարող գերակայող լինել մյուսի նկատմամբ: Նախագահը ներկայացրել է Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ անցյալ տարվա ընթացքում կայացած բանակցային գործընթացը, այս փուլում առկա մտահոգություններն ու խնդիրները, ինչպես նաեւ Հայաստանի մոտեցումները ստեղծված իրավիճակում առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015թ. անցկացվելիք միջոցառումներին, ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման խորհրդին, միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, խաղաղությանն ու կայունությանն սպառնացող համընդհանուր վտանգներին, Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության օրակարգային հարցերին, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսական զարգացման նոր հնարավորություններին, Եվրամիության հետ մեր երկրի համագործակցության խորացման հեռանկարին, ինչպես նաեւ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Վերոնշյալ թեմաների շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակում: Հանրապետության Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին: