Բավ է պառակտվել
23-04-2015 11:21

Թուրքիան թարմացնում է ժխտողականության իր գործիքակազմը. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը, որի ընթացքում խոսել է ժամանակակից աշխարհում Հայաստանի նշանակության, հայ-թուրքական հարաբերությունների և Թուրքիայի կողմից իրականացված հանցագործությունների ճանաչման մասին։
Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ։

-Պարոն Նախագահ, այս օրերին ձեր երկիրը հիշատակում է ձեր ժողովրդի հետ տեղի ունեցած հրեշավոր իրադարձություններն ու անասելի տառապանքները։ Եվ թեկուզ 100 տարի անց վերքերը խորն են թվում։ Ո՞րն է աշխարհին ուղղված ձեր ուղերձը։
- Միջոցառումները, որոնք ոգեկոչելու են ցեղասպանության զոհերին, իրենց մեջ մի քանի ուղերձ են պարունակում։ Դրանցից առաջինը հիշատակման ուղերձն է։ Մենք համարում ենք, որ մարդկության դեմ հանցագործությունները չեն կարող որևէ ժամանակահատվածում մոռացության մատնվել։ Երկրորդ ուղերձը, որ պարունակում են միջոցառումները, երախտապարտությունն է, որը փոխշաղկապված է հիշողության ուղերձի հետ։ Երախտագիտություն այն մարդկանց հանդեպ, այն կազմակերպությունների, այն ժողովուրդների և պետությունների, որոնք մեզ համար ամենածանր պահին բարձրաձայնեցին, ձեռք մեկնեցին և կարողացան փրկել մեր ժողովրդի մի որոշ հատվածին։ Երրորդը` հիշողության և երախտագիտության բաղկացուցիչն է, միացումն է, որը տանում է դեպի կանխարգելում, դեպի այդպիսի հանցագործությունների կրկնության բացառում: Եվ մենք մեր պարտքն են համարում, տեսնելով, վերհանելով օրինաչափությունները և այն պատճառահետևանքային կապերը, որոնք հետո դառնում են ընդհանրական նմանատիպ հանցագործությունների համար: Դրանով ասում ենք, որ պետք է պայքարել այս-այն երևույթների դեմ, որպեսզի կարողանանք կանխարգելել ապագայում ցեղասպանությունների կամ նմանատիպ այլ հանցագործությունների կրկնությունը: Եվ վերջին` չորրորդ հիմնական ուղերձը վերածննդի ուղերձն է: Երբ մենք ասում ենք, որ այս անգամ ևս մեզ վատը ցանկացողներին չհաջողվեց վերացնել մեզ աշխարհի երեսից:

-Այժմ բոլորն անկասկած ընդունում են, որ անցյալից պետք է հետևություններ արվեն: Սակայն նույնիսկ 100 տարի անց Թուրքիան և Հայաստանը, կարծես, կառչել են այս բանավեճից: Ձեր երկրների համար կա՞ն արդյոք այլ ոլորտներում համագործակցելու, առաջ շարժվելու ուղիներ, թե՞ այդ խնդիրը կմնա այն արգելքը, որը մշտապես հեռու կպահի երկուսին միմյանցից:
- Ես` որպես Հայաստանի հանրապետության նախագահ, երկու անգամ փորձել եմ գնալ այդ ճանապարհով: Մինչ ինձ էլ ընտրված երկու նախագահները փորձում էին գնալ այդ ճանապարհով: Առաջինն այն էր, երբ մենք հանդես եկանք ցանկությամբ` առանց որևէ նախապայմանների ունենանք հարաբերություններ, այնուհետև քննարկել կողմերի համար վիճելի հարցերը: Երկրորդ այդպիսի փորձը 100-րդ տարելիցի նախօրեին էր, երբ ես մի քանի ամիս առաջ նամակ հղեցի Թուրքիայի նախագահին, և այդ նամակը արտաքին գործերի նախարարը հանձնեց համապատասխան թուրք պաշտոնյաներին: Նամակում ես հրավիրում էի Թուրքիայի նախագահին` մասնակցելու ապրիլի 24-ի միջոցառումներին և համատեղ ցավակցելու, համատեղ հիշելու զոհերի հիշատակը: Բայց թուրքական իշխանությունները այլ որոշում կայացրեցին և որոշեցին ապրիլի 24-ին` այն օրը, երբ նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հայաստանում, անցկացնել Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություն:

 - Վերջին օրերին թուրքական կողմը կոշտ հայտարարություններով և անսովոր կոշտության արձագանքով իր ողջ զայրույթը թափեց Հռոմի պապի հայտարարության և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի վրա: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը զայրույթի այս դրսևորումների նկատմամբ:
- Մեզ համար այդ հայտարարությունները` թուրքական կողմի արձագանքները անսպասելի չէին, որովհետև մենք մշտապես լսում ենք և ականատես ենք նրանց ժխտողականությանը: Եվ մենք տեսնում ենք, որ ամեն անգամ նրանք թարմացնում են ժխտողականության իրենց գործիքակազմը: Ինչ վերաբերում է Նորին Սրբության հայտարարությանը, ապա ես այն համարում եմ էական և տեղին: Գիտեք, ես հավատում եմ, որ մարդկության դեմ հանցագործություններից զերծ աշխարհի կարող ենք հասնել միայն ուժեղ մարդկանց առաջնորդությամբ: Նորին Սրբությունը մեծ առաջնորդ է` արդարացի և ճշմարտախոս:

- Ի՞նչ կցանկանայիք, որ ասեր թուրքական կողմը: Այլ կերպ ասած` եթե նրանք ընդունեն ցեղասպանություն տերմինը, դուք կհամարե՞ք, որ հարաբերություններում ամեն ինչ կարգավորված է:
- Անշուշտ, անշուշտ: Թուրքերի կողմից ցեղասպանության ընդունումը մեր ժողովուրդների հաշտեցման ամենակարճ ճանապարհն է: Ես խորապես համոզած եմ` եթե դա արվի, դա արվի անկեղծ, ապա կարճ ժամանակում մեր հարաբերությունները` նկատի ունեմ հայ և թուրք ժաղովուրդների հարաբերությունները կբարձրանան մեկ այլ աստիճանի` շատ բարձր աստիճանի: