Բավ է պառակտվել
17-02-2015 15:52

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Շվեդիայի նոր դեսպանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարտինա Քուիկը (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահը շնորհավորել է դեսպան Քուիկին նշանակման կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ հույս հայտնել, որ տիկին Քուիկն իր փորձն ու մասնագիտական կարողություններն առավելագույնս կներդնի ի նպաստ հայ-շվեդական հարաբերությունների ամրապնդման: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Շվեդիան Սկանդինավյան տարածաշրջանում Հայաստանի վստահելի բարեկամներից է, եւ դրա մասին են վկայում ինչպես երկու ժողովուրդների պատմական առնչությունները, այնպես էլ Հայաստանի անկախացումից ի վեր ձեւավորված բարձր մակարդակի հայ-շվեդական հարաբերությունները: «Մեր ցանկությունն է ամրապնդել միջպետական հարաբերությունները բարեկամ Շվեդիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ մի շարք այլ ոլորտներում, զարգացնել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հայաստանը պատրաստակամ է ներդնելու անհրաժեշտ ջանքեր հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկան բազմապատկելու, առկա մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ»,-ասել է Սերժ Սարգսյանը: Հանրապետության նախագահը եւ Շվեդիայի դեսպանը համակարծիք են եղել, որ երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը, ինչպես նաեւ վերջին շրջանում կայացած բարձրաստիճան փոխայցերը նոր որակ են հաղորդում Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ համագործակցության օրակարգին: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում առկա իրավիճակին եւ առկա մարտահրավերներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Այս համատեքստում Սերժ Սարգսյանը նշել է, թե Հայաստանը գնահատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Շվեդիայի հավասարակշռված մոտեցման պահպանումը: Նախագահը բարձր է գնահատել նաեւ 2010թ. Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը եւ դեսպան Քուիկի հետ խոսել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընթացիկ տարում Հայաստանում եւ արտերկրում կայանալիք միջոցառումների մասին: Սերժ Սարգսյանն ու դեսպան Քուիկն անդրադարձել են նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը: