27-01-2015 15:27

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ–ում Լեհաստանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին, տեղեկացնում է նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը: Նախագահը շնորհավորել է դեսպան Նովակովսկուն և մաղթել հաջողություններ` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է ընդգծվել, որ հայ-լեհական միջպետական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների պատմական բարեկամության վրա, և քաղաքական երկխոսության ներկայիս բարձր մակարդակը միանգամայն համապատասխանում է հայ և լեհ ժողովուրդների ցանկություններին: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները, պարբերական քաղաքական խորհրդատվությունները, մշակութային ակտիվ փոխանակումները թույլ են տալիս տնտեսական ոլորտում աստիճանաբար, բայց վստահորեն մեծացնել առևտրաշրջանառության ծավալներն ու ընդլայնել փոխգործակցության ոլորտները, որտեղ, նրանց համոզմամբ, զգալի ներուժ կա: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի հայ-լեհական հարաբերություններին՝ ավելի ակտիվացնելով երկկողմ տնտեսական կապերը, դրանք համապատասխանեցնելով քաղաքական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին: Հանրապետության Նախագահը և Լեհաստանի դեսպանն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցության զարգացմանը: Դեսպան Եժի Նովակովսկու հավաստմամբ, Լեհաստանը պատրաստակամ է իր աջակցությամբ նպաստել այդ հարաբերությունների զարգացմանը: