30-06-2016 10:18

Նախագահն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին:Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և նշել, որ նրա այցը լավ առիթ է քննարկելու ինչպես ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանը, այնպես էլ հայ-գերմանական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:
Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի բարձր ղեկավարությանը՝ ս.թ. ապրիլին ՀՀ Նախագահի Գերմանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ պատվիրակությանը բարձր մակարդակով ընդունելու, հետաքրքիր և բովանդակային քննարկումների համար:
Փոխայցերի և երկկողմ շփումների դինամիկան, ՀՀ Նախագահի գնահատմամբ, վկայում է Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը Գերմանիան դիտարկում է որպես քաղաքական և տնտեսական կարևոր գործընկեր ու բարեկամ երկիր: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով Գերմանիայի կառավարության կողմից տարիներ շարունակ Հայաստանին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական աջակցությունը և այդ համատեքստում շնորհակալություն հայտնել ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխման նպատակով Գերմանիայի կառավարության կողմից հատկացված 500 հազար եվրո ֆինանսական աջակցության համար:
Նախագահը գոհունակությամբ է խոսել արտգործնախարար Շտայնմայերի հայաստանյան այցի շրջանակներում ստորագրված նոր փաստաթղթի՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջկառավարական համաձայնագրի վերաբերյալ:
Սերժ Սարգսյանը հանդիպման առիթով ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և գործընթացն առաջ մղելու հնարավորություններին ու հեռանկարին: Կարևորվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած վերջին հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ հետևողական քայլերի իրագործումը՝ տևական խաղաղության և կայունության հասնելու նպատակով:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնց չորս փուլն արդեն հաջողությամբ կայացել է, տեսանելի ապագայում կավարտվեն, և կողմերը կունենան հարաբերությունների զարգացմանը միտված նոր փաստաթուղթ: