Բավ է պառակտվել
17-03-2015 13:40

Սերժ Սարգսյանն ընդունել է «Եվրանեսթ» ԽՎ բյուրոյի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 16-18-ը Երևանում անցկացվող «Եվրանեսթ»-ի հերթական՝ չորրորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Նախագահը «Եվրանեսթ»-ի երևանյան նիստը լավ առիթ է համարել անկաշկանդ քննարկումների և մտքերի փոխանակման, գործընկեր երկրների հասարակություններին հուզող հարցերի վերաբերյալ տեսակետների հայտնման համար: Նշելով, որ դեռևս 2012թ. Երևանում հյուրընկալվել է «Եվրանեսթ»-ի Սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով ենթակոմիտեի նիստը, որի աշխատանքները արդյունավետ էին, Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ խորհրդարանական վեհաժողովի ընթացիկ լիագումար նիստը ևս արդյունավետ կլինի, և օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ խորհրդարանական ձևաչափով ընթացող քննարկումներն ու ընդունվելիք բանաձևերը կնպաստեն Եվրոպական միության և գործընկեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կառուցողական և արդյունավետ քննարկումների համար կան բոլոր նախադրյալները: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամները շնորհակալություն են հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար և գոհունակությամբ խոսել անցած երկու օրերի ընթացքում ՀՀ ԱԺ-ում իրենց աշխատանքի արդյունքների մասին, անդրադարձել նաև օրակարգի շրջանակներում նախատեսված հետագա քննարկումների թեմաներին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն ու հարաբերությունների զարգացման հեռանկարին, այդ հարցում «Եվրանեսթ»-ի ուրույն տեղին ու դերին: Զրուցակիցները հույս են հայտնել, որ երևանյան խորհրդարանական հանդիպումները կարևոր հանգրվան կդառնան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համար: Հյուրերի խնդրանքով Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու՝ մեր երկրի որոշման հիմքում ընկած գործոններին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ Հայաստանի ջանքերին, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015 թվականի ընթացքում Հայաստանում և արտերկրում նախատեսված ոգեկոչման միջոցառումներին ու դրանց խորհրդին: Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև այս և այլ թեմաներով «Եվրանեսթ»-ի բյուրոյի անդամներին հետաքրքրող հարցերին: