03-02-2015 13:40

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նորընտիր նախագահին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլային՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նախագահ Մատարելլայի փորձառու ղեկավարության ներքո բարեկամ Իտալիան կշարունակի ընթանալ հզորացման ու վերելքի ճանապարհով: «Հայաստանում առանձնահատուկ կարեւորում ենք Իտալիայի հետ համընդգրկուն հարաբերությունների շարունակական զարգացումը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք պատմական սերտ առնչությունների, ընդհանուր արժեքների եւ փոխադարձ շահերի վրա հիմնված մեր քաղաքական երկխոսությանն ու բազմաբովանդակ համագործակցությանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: