02-03-2015 09:28

Դիվանագետի մասնագիտական օրը խորհրդանշում է ՄԱԿ-ում հայոց Եռագույնի բարձրացումը. նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ դիվանագետներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ դիվանագետներ,

Շնորհավորում եմ ձեզ Դիվանագետի օրվա կապակցությամբ։

Դիվանագետի մասնագիտական օրը խորհրդանշում է Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում հայոց Եռագույնի բարձրացումը, միջազգային հանրությանը լիիրավ անդամակցելու մեր ժողովրդի նվիրական երազանքի իրականացումը։

Անկախ պետականության գրեթե երկուսուկես տասնամյակների ընթացքում դուք՝ դիվանագետներդ, ձեր կարևոր նպաստն եք բերել միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակության ամրապնդմանը, մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծմանը, Հայաստանի ազգային անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերին։

Այսօր էլ ձեր առջև բազում են մարտահրավերները, հետևաբար մեծ են նաև ձեզնից ակնկալիքներն ու պահանջները: Ձեզ տրված առաջադրանքներն ու հանձնարարականներն իրականացնելու համար պահանջվում է ամենօրյա, հաճախ՝ ամենժամյա աշխատանք, երբեմն՝ առանձնակի դժվարին և թեժ պայմաններում: Այս պահին ևս Սիրիայում և Իրաքում ընթացող դժվարին գործընթացների պայմաններում պատվով իրենց առաքելությունն են իրականացնում հայ դիվանագետները։

Հայրենասիրությունը, անձնվիրությունը, նպատակասլացությունը, մասնագիտական և մարդկային բարձր արժանիքները ձեր աշխատանքի հաջողության, մեր ժողովրդի նպատակների իրականացման կարևոր գրավականներն են։

Հարգելի՛ դիվանագետներ,

Վերստին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում հաջողություններ ձեր աշխատանքում՝ ի նպաստ միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության դիրքերի և հեղինակության հետագա ամրապնդման»: