01-11-2013 12:00

Նախագահն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ և ռեֆորմիստներ խմբի արտաքին հարաբերությունների համակարգող Չարլզ Թանոքին և Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն: Նախագահի հյուրընկալած պատվիրակության կազմում եղել են նաև խմբի մի շարք այլ անդամներ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունը:

Ընդգծելով, որ եվրոպական մերձեցումը եղել և շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն բաղկացուցիչը, Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը վճռական է շարունակելու լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի: Նախագահի խոսքով, եվրոպական արժեհամակարգին դավանող Հայաստանը պետության կառուցման և զարգացման ճանապարհին առաջնորդվում է հենց այդ չափանիշներով:

Զրուցակիցները կարևորել են Եվրամիության հետ Հայաստանի անցած տարիների ձեռքբերված համագործակցության մակարդակի պահպանումն ու հետագա զարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: