Բավ է պառակտվել
22-01-2015 15:10

Հայաստանի ու Ճապոնիայի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են.ՀՀ նախագահ

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի պետական նախարար Մինորու Կիուչիին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահը միջպետական կապերի ամրապնդման տեսանկյունից կարեւորել է հաճախակի փոխայցելությունները եւ գոհունակությամբ ընդգծել, որ վերջին տարիներին Հայաստանի ու Ճապոնիայի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ նոր բովանդակություն ստանում: Սերժ Սարգսյանը եւ պետնախարար Մինորու Կիուչին երկուստեք կարեւորել են ս.թ. հունվարի 1-ից Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացումը, որը, նրանց համոզմամբ, զգալիորեն կնպաստի հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանն ու փոխգործակցության օրակարգի ընդլայնմանը: Հանրապետության Նախագահը նշել է, թե ջերմությամբ է հիշում 2012թ. Ճապոնիա կատարած իր պաշտոնական այցը եւ ձեռքբերված բարձր մակարդակի պայմանավորվածությունները: Մինորու Կիուչին, Գյումրիի ողբերգության կապակցությամբ, Ճապոնիայի կառավարության եւ անձամբ իր անունից խորին ցավակցություն է հայտնել Հանրապետության Նախագահին, զոհվածների հարազատներին եւ ամբողջ հայ ժողովրդին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանի խնդիրներին եւ մարտահրավերներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին, առկա մտահոգություններին, ընթացիկ տարում ՀՀ-ում պետականորեն նշվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմային, մտքեր փոխանակել նաեւ միջազգային արդի խնդիրների շուրջ: Սարգսյանը եւ Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարարը երկկողմ հարաբերությունների զարգացումից բացի, կարեւորել են նաեւ Հայաստանի եւ Ճապոնիայի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Փոխգործակցության խորացման առումով նրանք ընդգծել են միջխորհրդարանական կապերի ամրապնդման, երկու երկրների միջեւ հումանիտար եւ մշակութային փոխանակումների ակտիվացման, հեռանկարային եւ փոխշահավետ մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:  Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանն ու ժողովրդին՝ Հայաստանի անկախացումից ի վեր մեր երկրին ցուցաբերած զգալի աջակցության, ինչպես նաեւ հայ-ճապոնական հարաբերությունները խորացնելու գործում պատրաստակամության ու հետեւողականության համար: