21-05-2015 12:45

Բակո Սահակյանը մասնակցել է նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստին

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին մասնակցել է Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացմանը եւ այնտեղ հանդես եկել ողջույնի խոսքով:
Նախագահը շնորհավորել է ներկաներին 6-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ` նշելով, որ ազատ մրցակցությամբ, ժողովրդավարական սկզբունքներին համահունչ անցկացված ընտրությունները կարեւոր հիմք են հանդիսանում նոր ձեւավորված խորհրդարանի արդյունավետ աշխատանքի համար:
Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին՝ իրենց աշխատանքի համար`հավելելով, որ նախորդ խորհրդարանն իրականացրել է բավականին ծավալուն աշխատանք օրենսդրական դաշտում` ընդգծված դերակատարություն ունենալով մեր հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքական կյանքում:
Անդրադառնալով 6-րդ գումարման Ազգային ժողովին` երկրի ղեկավարն ընդգծել է, որ այն, լինելով մշտական հիմունքներով գործող, պրոֆեսիոնալ խորհրդարան, պատասխանատվության բարձր աստիճան է պահանջելու յուրաքանչյուր պատգամավորից: <<Սպասելիքները նոր խորհրդարանից առաջին հերթին վերաբերում են օրինաստեղծ գործունեությանը: Հույս ունենք, որ նոր որակ կհաղորդվի օրենքների մշակման աշխատանքներին՝ հաշվի առնելով զարգացած երկրների փորձը եւ մեր հանրապետության առանձնահատկությունները>>, - իր խոսքում ընդգծել է Բակո Սահակյանը:
Նախագահը կարեւորել է նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացմանն ուղղված Ազգային ժողովի աշխատանքը` այն դիտարկելով որպես երկկողմ հարաբերությունների հաստատման եւ Արցախի միջազգային ճանաչման արդյունավետ միջոցներից մեկը:
<<Ազգային ժողովի աշխատանքների արդյունավետ իրականացումը մեծապես կախված է այն քաղաքակիրթ, աշխատանքային եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտից, որը պետք է առկա լինի խորհրդարանում>>,- իր ելույթում նշել է Բակո Սահակյանը: Ըստ Նախագահի` նման մթնոլորտի ձեւավորումը հանդիսանում է քաղաքական մշակույթի բաղադրամասերից մեկը, իսկ մեր պետությունը, գտնվելով յուրահատուկ աշխարհաքաղաքական իրավիճակում, պետք է ամեն ինչ անի, որպեսզի ունենա բարձր եւ օրինակելի քաղաքական մշակույթ: