09-03-2015 09:48

Իսրայելի նախագահը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված աղոթքին

Իսրայելում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի գլխավոր միջոցառումը կկայանա ապրիլի 24-ին Երուսաղեմի Սուրբ Հարություն եկեղեցում, որտեղ կկայանա ոգեկոչման պատարագ:Այս մասին հայտնել է ՀՅԴ Հայ դատի Իսրայելի հանձնախմբի նախագահ ժորժետա Ավագյանը: Վերջինիս խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել եւ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խոստացել է այդ օրն այցելել եկեղեցի եւ ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
«Նա հայ ժողովրդի բարեկամն է: Բազմիցս խոսել է Հայոց ցեղասպանության մասին, դատապարտել այն: Վերջերս էլ ՄԱԿ-ում է Հայոց Ցեղասպանության մասին ելույթ է ունեցել: Նա խոստացել է, որ ապրիլի 24-ին այցելելու է Պատրիարքարան եւ Սուրբ Հարություն եկեղեցում ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- ասել է Ժորժետա Ավագյանը` հավելելով, որ միջոցառումների ժամանակ Իսրայելի այլ պաշտոնատար անձանց մասնակցության հարցը հստակեցվում է:
Ժորժետա Ավագյանի փոխանցմամբ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները սկսվել են հունվարից եւ կշարունակվեն ողջ տարվա ընթացքում: Ապրիլի 23-ին Երուսաղեմում կկազմակերպվի ջահերով երթ, իսկ ապրիլի 24-ին հայերի, հույների եւ կաթոլիկների մասնակցությամբ տեղի կունենա կումունիկե աղոթք եւ պատարագ: Հոգեհանգստյան պատարագներ տեղի կունենան նաեւ Իսրայելի այլ խոշոր քաղաքներում:
Իսրայելի բազմաթիվ համալսարաններում ողջ տարվա ընթացքում կկայանան դասախոսություններ, գիտաժողովներ ու ելույթներ:
«Նոյեմբերին Իսրայելի Բաց համալսարանում կկայանա դասախոսություն ցեղասպանագետ Յաիր Աուրոնի նախաձեռնությամբ»,- տեղեկացրել է Ժորժետա Ավագյանը` հավելելով, որ տարվա ընթացքում նախատեսվում է բազմաթիվ գրքերի հրատարակություն, ցուցահանդեսների անցկացում: