Բավ է պառակտվել
30-01-2015 08:50

Իսրայելի նախագահը Հայոց Ցեղասպանության մասին

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ՄԱԿ-ում Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրվածում միջոցառման ընթացքում խոսել է նաև Հայոց Ցեղասպանության մասին: Նշելով, որ 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում սպանվել է ավելի քան մեկ միլիոն հայ, նա շեշտեց, որ «Իսրայելը առ այժմ չի ճանաչել այդ որպես Ցեղասպանություն»: Ռիվլինը մեջբերում է կատարել Պաղեստինում 1915 թվականին «Նիլի» իսրայելական լրտեսական կազմակերպության ղեկավար անդամներից մեկի՝ Ավշալոմ Ֆեյնբերգի խոսքերը. «Ատամներս սեղմած՝ ես մտածում եմ այն մասին, թե ով է լինելու հաջորդը: Յերուսաղեմի ճանապարհին, օրհնված և սուրբ հողի վրայով քայլելիս, ես հարցրեցի ինքս ինձ, թե արդյոք մենք ապրում ենք 1915 թվականում, ժամանակակից աշխարհում, թե՞ Տիտոսի և Նաբուգոդոնոսորի ժամանակներում: Արդյո՞ք ես մոռացել եմ, որ ես հրեա եմ: Ես նաև հարցրեցի ինքս ինձ. արդյո՞ք ես իրավունք ունեմ սգալու միայն իմ ժողովրդի ողբերգությունը: Չէ՞ որ Երեմիա մարգարեն արցունք է թափել հայերի հետ»: «Ֆեյնվերգը գրել է այդ ուղիղ 100 տարի առաջ: 100 տարվա տատանումներ և հերքումներ: Իսրայելում իմ ծնված ժամանակ ոչ ոք չէր հերքում տեղի ունեցած կոտորածը: Յերուսաղեմի բնակիչները, իմ ծնողները տեսել են այդ աղետը վերապրած հազարավոր քաղցած և դժբախտ հայ փախստականների, ովքեր հասել են Յերուսաղեմ: Նրանքայնտեղ օթևան են գտել, և առ այսօր նրանց սերունդները շարունակում են ապրել Յերուսաղեմում», - ասել է 75-ամյա նախագահը, ով ծագմամբ յերուսաղեմցի է: «Այն ժամանակ՝ 1915 թվականից հետո հարց առաջացավ, թե ով է հաջորդը լինելու: Պատասխանը չհապաղեց. մի քանի տասնամյակ անց պարզվեց, որ հաջորդը դարձան հրեաները», - ընդգծեց Ռիվլինը: Իսրայելի նախագահը իր խոսքը ավարտեց կոչով. անհրաժեշտ է կարմիր գիծ անցկացնել, որը խախտելու դեպքում ՄԱԿ-ը պարտավոր է միջամտել ցեղասպանություններ կատարելու գործողությունները կանխելու նպատակով: «Մենք պետք է ազնվորեն հարցնենք մեզ.թե արդյո՞ք ցեղասպանության դեմ մեր և ՄԱԿ-ի պայքարը բավականաչափ արդյունավետ էր: Արդյո՞ք այն արդյունավետ էր Բոսիայում, Խոջալուի սպանությունները կանխելու հարցում, արդյո՞ք այն արդյունավետ է այսօր Սիրիայում կամ Նիգերիայում «Բոկո Հարամ»-ի դեմ», - ասել է Ռիվլինը: «Մյուս կողմից մենք պետք է հիշենք, որ այս կարմիր գծերը մեզ կպարտավորեցնեն չայլայլել և ցինիկաբար չչարաշահել այդ կեղծ անաչառության պատրվակով, որը կատարվում է մարդու իրավունքների մասին հռետորության դեպքում՝ «ցեղասպանություն» տերմինը օգտագործելով միայն քաղաքական նկատառումներով», - հայտարարել է Իսրայելի նախագահը: