ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Համայն հայության կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու հանրապետության բարձրագույն ղեկավարությունը մասնակցել են Առաջին հանրապետության 99 ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:
Այսօր, մայիսի 28-ին Հայաստանը նշում է մինչև 1920թ. դեկտեմբերի 2-ը գոյատևած Առաջին Հանրապետության հռչակման 99-րդ տարեդարձը:
Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսներին նվիրված հուշահամալիրում:
«1918 թվականի մայիսյան հաղթանակները նոր և փառավոր էջ բացեցին հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ: Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր նախնիները նվաճեցին ապրելու իրավունքը»,- ասել է Սարգսյանը:
Նա հիշեցրել է, որ այդ հերոսամարտերը բնաջնջման եզրին հայտնված ժողովրդի վերջին և օրհասական ճիգերն էին, որ կոչված էին պաշտպանելու պատմական հայրենիքի և դրա բնակիչների վերջին բեկորները:
«Այդ անհավանական թվացող սխրանքը գործեցին մեր ժողովրդի բոլոր խավերը, բոլոր շերտերը: Գործեցին բացառիկ միասնականությամբ և կազմակերպվածությամբ, անձնազոհ խիզախությամբ և աննահանջ կամքով»,- ասել է Սարգսյանը:
Նրա խոսքերով, նորանկախ Հայաստանը ծնունդ առավ Առաջին համաշխարհային պատերազմի տարափի տակ:
Մենք ամեն տարի հավատարմության երդման նման կրկնում ենք մի պարզ ճշմարտություն. չլիներ 1918 թվականի մայիսի 28-ը, չէր լինելու Խորհրդային Հայաստանը, և չէր լինելու ներկայիս Հայաստանի Հանրապետությունը:
«Հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում մենք, թերևս, չենք ունեցել պետականությունից զրկված լինելու ավելի մեծ ժամանակահատված, քան այն փուլը, որն անմիջականորեն նախորդել է մայիսի 28-ին: Եվ, անկասկած, չենք ունեցել ավելի ծանր և ողբերգական ճակատագիր նախորդ որևէ դարաշրջանում: Ահա թե ինչու 99 տարի առաջ պետականության վերականգնումը կրկնակի թանկ էր և նվիրական, և այսօր էլ սրբազան է յուրաքանչյուր հայի համար»,- նշել է նախագահը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացիներին տվեց ոչ միայն անկախ պետականություն, այլև օրենքով երաշխավորված իրավունքներ և ազատություններ:
«Այսօրվա Հայաստանը նույնպես ծնվեց պատերազմի կրակի բովում, բայց այս անգամ՝ արցախյան ճակատում: Մենք՝ ներկա Հայաստանի քաղաքացիներս, հավատարիմ ենք Առաջին Հանրապետության պատգամներին»,- ասել է Սարգսյանը:
Նա շնորհավորել է բոլորին մեծ տոնի առթիվ, և մաղթել խաղաղություն և ստեղծագործ աշխատանք՝ հանուն երկրի առաջընթացի և բարօրրության:
«Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Փա՛ռք հայ ժողովրդին»,- ասել է երկրի ղեկավարը:
Բավ է պառակտվել