Բավ է պառակտվել
21-10-2016 17:39

ՀՀ նախագահ՝ ԼՂ հակամարտության մասին.Պատրաստ է շարունակել կառուցողական քայլերը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Ընդգծելով, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ նախորդ բոլոր հանդիպումներն անցել են բաց եւ անկեղծ մթնոլորտում, Նախագահը հույս է հայտնել, որ հերթական այս հանդիպումը եւս իր բնույթով այդպիսին կլինի: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրամիության հանձնառությունը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով կողմերի միջեւ վստահության մթնոլորտ ձեւավորելու հարցում:

Նախագահ Սարգսյանը եւ Հերբերտ Զալբերը մտքեր են փոխանակել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումների եւ առկա իրավիճակի շուրջ:

Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հիմնախնդրի լուծմանը խաղաղ բանակցությունների միջոցով հասնելու ջանքերը եւ վերահաստատել, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել կառուցողական քայլերը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Հայաստան այցի շրջանակներում հանդիպումներ է ունենում նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ: