13-03-2017 13:00

Սերժ Սարգսյանը Մոսկվայում կհանդիպի ՌԴ նախագահ Պուտինի հետ

Մարտի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյան պաշտոնական այցով մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն, այս մասին տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Նախագահը հանդիպումներ կունենա Ռուսաստանի ղեկավարության հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական դաշնակիցներ հանդիսացող երկու երկրների փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, այդ թվում նաև քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և մշակութային ոլորտներին առնչվող, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:
ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը կարծիքներ կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների վերաբերյալ, կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:
Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սարգսյանը կայցելի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, որտեղ հանդիպում կունենա համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: