Բավ է պառակտվել
11-12-2017 15:54

Նախագահը զգուշացում է արել պետական իշխանության բոլոր կառույցներին

Շաբաթ օրը կայացած, տեղական ինքնակառավարման և տարածքային իշխանություններին նվիրված խորհրդաժաղավին նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հայտարարություններ է արել, որոնք քաղաքական ուժերի կողմից ընկալվել են իբրև նախազգուշացում՝ ուղղված պետական իշխանության բոլոր կառույցներին:
Նախագահի հայտարարությունը
Նախագահը մասնավորապես նշել է,որ շատ համայնքների ղեկավարներ չարաշահում են իրենց դիրքը՝ անընդունելի եկամուտներ ստանալու նպատակով: Նախագահի խոսքերով, նրանք տարատեսակ խորամանկությունների և հնարքների օգնությամբ օտարում են համայնքին պատկանող հողերը, ինչպես նաև անազնիվ մոտեցում են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ:
«Չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ ուղղակի ուզում ասել՝ շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի», - ասել է Սարգսյանը:
Նախագահը շեշտել է, որ անկեղծորեն պատրաստ է խնամքով վերաբերվել համայնքների ղեկավարներին, հնարավորության սահմաններում օգնել նրանց՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց:
«Բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է», - ասել է Սարգսյանը:
Միևնույն ժամանակ, պետության ղեկավարը նշել է, որ նման խախտումների առկայության դեպքում ոչ ոք չպետք է հույս դնի իր գթասրտության վրա, չակնկալի, որ իրեն կներեն:
«Որևէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, այդպիսի դեպքերում թող չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար: Նորից եմ կրկնում` մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար և այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլևս հանդուրժել: Երևի առաջին անգամ եք ինձնից լսում այսպիսի խոսքեր, բայց իմ մոտեցումը միշտ այդպիսին է եղել: Մենք արդեն հասունացել ենք և պետք է գիտակցենք մեր պատասխանատվությունը մեր համայնքի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ»,- ասել է Սարգսյանը:
Զգուշացում բոլորի համար
Ինչպես Երկուշաբթի օրը կայացած խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշել է «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, գործող կարգի համաձայն նախագահը իրավասու է վերահսկել երկրում կայուն գործունեության ապահովումը բոլոր մակարդակներում, ինչն էլ մտնում է նրա սահմանադրական իրավասությունների մեջ:
« Այս կոնտեքստում նրա հորդորը միտված է նրան, որ բոլորը հավաքված և ձգված աշխատեն: Ինչ վերաբերվում է համայնքների ղեկավարների գործունեության վերահսկմանը, ապա արդեն իսկ ստեղծված են համապատասխան մեխանիզմներ, և նոր սահմանադրությամբ դրանք է՛լ ավելի կընդլայնվեն: Վերահսկվելու է նաև տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունն ու նրանց պատասխանատվության չափը»,- ասել է Ռուստամյանը:
Նա ընդգծել է, որ տարբեր համայնքապետերի կողմից չարաշահումների վերաբերյալ ահազանգեր նախկինում էլ են ստացվել: Սակայն, Ռուստամյանի խոսքերով, շատ կարևոր է ոչ միայն տվյալ խնդիրը բարձրացնելը, այլ նաև հետագայում պատասխանատու կառույցների վերահսկողությունն ապահովելը: Ընդ որում դա հարկավոր է այնպես անել, որ այդ կառույցները վերահսկեն, այլ ոչ թե փորձեն հովանավորել կամ թաքցնել նման գործունեությունը:
Ըստ նրա, դա չպետք է լինի հայտարարությունների մակարդակով: Անհրաժեշտ է համապատասխան մեխանիզմներ կիրառել: Տարբեր գերատեսչությունների համակարգված գործունեության արդյունքում նման երևույթները պետք է բացառվեն:
«Սա նաև զգուշացում է բոլոր այն կառույցներին, ովքեր պատասխանատու են ստուգումների և քրեական գործերի հարուցման համար: Եվ նրանց նկատմամբ պետք է իրավական հետաքննություն սկսվի, նրանք պետք է պատասխան տան օրենքով: Նախագահը պարզ հասկացրեց, որ այլևս հնարավոր չի լինի քողարկել նման գործողությունները: Հարկավոր է առաջնորդվել օրենսդրական համակարգով և մեղավորներն այլևս չեն կարողանա պատսպարվել պաշտոնատար անձանցով: Իսկ բոլոր խախտումների դեպքերով կհարուցվեն համապատասխան գործեր»,- ասել է Ռուստամյանը:
Ինչպես նշել է պատգամավորը, իրավապահ մարմինները պետք է արձագանքեն և զբաղվեն բարձրացված հարցով, հատկապես, երբ նախագահը նշում է, որ իր կառավարման ժամանակահատվածում այդ գործերի իրականացումը կվերցնի իր վերահսկողության տակ:
Սպասված հայտարարություն
« Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս կապակցությամբ նշել է, որ նախագահի հայտարարությունը սպասված էր: Նրա խոսքերով, տարիներ շարունակ հայտնի էր համայնքների անբարեխիղճ ղեկավարների մասին, որոնք հարստացրել են բնակչության աչքի առաջ, սեփականաշնորհել են պետական և համայնքային հողերը և անընդհատ զբաղվել են թալանով:
« Նախագահի հայտարարությունը խոսում է այն մասին, որ վերին իշխանությունը, ինչպես և իրավապահ մարմինները, տեղյակ էր, թե ինչ է կատարվում: Եղել են գործեր, բայց դրանք ներվել են: Նրանք աչք են փակել այդ չարաշահումների վրա՝ նշելով, որ պատճառն իբրև թե համակարգում առկա թերություններն ու ՏԻՄ համակարգի կայացման խնդիրն է, բայց ես չեմ կարծում, որ դա այն թերություններն են, որոնց հաշվին համակարգը պետք է զարգանար»,- ասել է Մարուքյանը:
Մարուքյանը նշել է, որ գլխավոր դատախազի փոխարեն նախագահի հայտարարությունից հետո ինքը հետաքննություն կսկսեր՝ պարզելու համար, թե համայնքների ղեկավարները ինչու են չարաշահել իրենց իրավունքները և ինչու են ներվել: