Բավ է պառակտվել
03-06-2016 07:48

Բունդեսթագի որոշումն ուղերձ է ամբողջ աշխարհին. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահը նշել է, որ Բունդեսթագի որոշումն ուղերձ է ամբողջ աշխարհին, որ մարդկության դեմ գործված նույնիսկ հարյուրամյա վաղեմության հանցագործությունները ոչ միայն չեն մոռացվում, այլև դատապարտվում են

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի շնորհակալական հեռագրեր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկին, Կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
ՀՀ նախագահը խորին շնորհակալություն է հայտնել նրանց և Գերմանիայի բոլոր այն քաղաքական և հասարակական ուժերին, որոնք իրենց վճռական խոսքն ասացին այս հարցում։ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ բանաձևն իր ուրույն դերը կունենա ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման գործում։
Նա նշել է, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն իսկապես պատմական քայլ էր. պատմական՝ ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, Գերմանիայի և գերմանացի ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։
«Այն խորհրդանշում է ժողովրդավարության, համամարդկային արժեքների գերակայությունը և ընդգծում Գերմանիայի հետևողական դերն այդ արժեքների պահպանման գործում: Այն ուղերձ է ամբողջ աշխարհին առ այն, որ մարդկության դեմ գործված նույնիսկ հարյուրամյա վաղեմության հանցագործությունները ոչ միայն չեն մոռացվում, այլև դատապարտվում են՝ ճշգրիտ bնորոշմամբ»,-ասված է ՀՀ նախագահի խոսքում:
Բունդեսթագի պատգամավորները հունիսի 2-ին ընդունեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը։ Փաստաթղթին, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը, կողմ է քվեարկել խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը, եղել է միայն մեկ ձեռնպահ և մեկ դեմ ձայն: