01-03-2017 10:52

ՀՀ նախագահը կմեկնի Մոսկվա՝ տնտեսական համագործակցությունը խորացնելու նպատակով

 

Մարտի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, որի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման օրակարգում են երկկողմանի համագործակցության հարցերն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Ինչպես նշում են Երևանի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրները, այցի արդյունքում ստորագրվելու են մի շարք համատեղ ներդրումային համաձայնագրեր:
Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումը կանցնի երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արդեն իսկ հաստատել է Սերժ Սարգսյանի սպասվող այցի մասին լուրը: «Պատրաստություն է իրականացվում»,- նշել է նա:
Սերժ Սարգսյանի այցը կդառնա հայ բարձրաստիճան պաշտոնյաների Մոսկվա կատարած այցելությունների շարքի գագաթնակետը:
Անցած տարվա նոյեմբերի վերջին ռուսական մայրքաղաք էր այցելել երկրի պաշտպանության նոր նախարար Վիգեն Սարգսյանը: Հունվարին պաշտոնական այցով Մոսկվայում էր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: Իսկ փետրվարի 22-ին տեղի ունեցավ երկու երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպումը:
Ինչպես «Իզվեստիա»-ին հայտնել են հայաստանյան քաղաքական շրջանակներից, այդ այցելությունների տրամաբանական արդյունքը կլինի ռազմա-քաղաքական և տնտեսական ոլորտի համաձայնագրերի ստորագրումը:
« Հայաստանի համար շատ կարևոր են այն բարեփոխումները, որոնց մասին այդքան ակտիվորեն հայտարարում էր նոր կառավարությունը: Հայ հասարակությունը դրական է արձագանքել տնտեսական փոփոխությունների վերաբերյալ հայտարարությանը և այդ ոլորտում բեկումնային նախագծերի է սպասում: Բնական է, որ առանց Մոսկվայի հետ համագործակցության նման բարեփոխումներ իրականացնելն անհնար է: Հենց Սարգսյանի այցի ժամանակ էլ առաջարկվելու են այն խոշոր ներդրումային նախագծերը, որոնցում մասնակցություն կունենա և՛ ռուսական, և՛ հայկական բիզնեսը»,-այս մասին «Իզվեստիա» -ին տեղեկացրել է փորձագետ Յուրի Նավոյանը:
Համագործակցության տարիների ընթացքում Մոսկվան ու Երևանը զարգացրել են դաշնակցային և ռազմավարական գործընկերային հարաբերությունները ինչպես երկկողմանի, այնպես էլ միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի և ԵԱՀԿ-ի և շատ այլ կազմակերպությունների շրջանակներում:
Կենտրոնական Ասիա կատարած Վլադիմիր Պուտինի եռօրյա շրջագայության արդյունքներով, հայկական կոլեգայի հետ հանդիպմանը բարձրացվելու է ԵՏՄ-ի զարգացման անվտանգության հարցը:
Ավելի վաղ ՌԴ նախագահը մտահոգություն էր հայտնել այն բանի կապակցությամբ, որ Սիրիայի տարածքում նախկին Սովետական Միությունից գաղթած մեծ քանակությամբ զինյալներ են կուտակվել:
Հատուկ ծառայությունների տվյալներով Ռուսաստանի մոտ 4 հազ. քաղաքացի մասնակցում է ահաբեկչական կազմակերպությունների գերծունեությանը: Մոտ 5 հազարը՝ ներգաղթյալներ են նախկին Խորհրդային Միությունից: Շատ փորձագետներ բազմիցս մտահոգություն են հայտնել զինյալների՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով հայրենի երկիր հնարավոր վերադարձր վերաբերյալ:
«Ռուսաստանը լուրջ դեր է խաղում Հայաստանի անվտանգության ապահովման հարցում: Բնական է, որ ռազմաքաղաքական ոլորտը բանակցությունների ընթացքում ևս կշոշափվի»,- ընդգծել է քաղաքագետը:
Սակայն, առավել սուր թեման կլինի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Բաքուն և Երևանը բազմիցս են արտահայտվել այդ ճգնաժամի կարգավորման հարցում Մոսկվայի գերակա դերի մասին:
2016թ. ընթացքում երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանն ունեցել են 20 հանդիպում՝ այդ թվում նաև տարատեսակ միջազգային հարթակներում: Եվ ամեն անգամ էլ քննարկվել է Արցախյան հակամարտության կարգավորման հարցը :
«Հարավային Կովկասը անհանգիստ տարածաշրջան է: Լեռնային Ղարաբաղի չլուծված կոնֆլիկտի պարագայում իրավիճակը մնում է անկանխատեսելի: Ռուսաստանը Ղարաբաղի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահներից մեկն է: Միևնույն ժամանակ երկու երկրների դիրքորոշումն անփոփոխ է՝ տվյալ հարցում հնարավոր է միայն բանակցային սեղանի շուրջ ճգնաժամի խաղաղ լուծում: Եվ չնայած դրան, տեղային կոնֆլիկտի էսկալացիայի վտանգը մնում է»,- ընդգծում է Յուրի Նավոյանը:
Միայն փետրվարի 27-ի գիշերը Հայաստանի պաշտպանության նախարարությունը արձանագրել է հրադադարի ռեժիմի 120 խախտում:
Շատ քաղաքագետներ և փորձագետներ ապրիլյան սցենարի կրկնություն են կանխատեսում: Այդ ժամանակ երկու կողմերը՝ Բաքուն և Երևանը, միմյանց մեղադրեցին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Եվ հայտնեցին ինտենսիվ ռազմական գործողությունների մասին, որոնց ընթացքում կիրառվել էր նաև հրետանի և օդուժ:
Որոշ փորձագետների կարծիքով իրավիճակի հետագա սրումը կարող է կանխել միայն Մոսկվան, որը սերտ կապեր ունի հակամարտող կողմերի հետ: