23-04-2016 10:30

Եթե այսօր իսկ որոշում չընդունենք, չասենք՝ այլևս երբեք, մենք չենք կարող ապահով զգալ. Սերժ Սարգսյան

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ առաջին ֆորումն առիթ դարձավ, որ աշխարհը խոսի մարդածին ամենամեծ չարիքի, ցեղասպանության մասին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ երկրորդ ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, 2015 թվականը մի հանգրված էր, երբ մենք վերաիմաստավորեցինք մեր ժողովրդի իրավունքի եւ պատմական արդարությանն ուղղված 100-ամյա պայքարը: «Մենք դա խորհրդանշեցինք ոչ թե սգով, այլ աշխարհին ուղղված շնորհակալության եւ վերածննդի ուղերձներով: Մեր պատկերացումը հստակ է. պետք է Ցեղասպանության անթույլատրելիության մասին բացարձակ գիտակցություն ձեւավորել: 2015-ն այս առումով կարեւոր էր. շատ երկրների ղեկավարներ, խորհրդարաններ, ականավոր անհատներ իրենց համերաշխությունը հայտնեցին ցեղասպանությունների դեմ մեր ընդհանուր պայքարին՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը:

Մենք փոխկապակցված ենք, մեկի հաջողությունը բերում է մյուսի հաջողությանը: Որեւէ մեկս չենք կարող ապահովագրված զգալ այն սարաափներից, որ ապրել են մեր նախնիները 20-րդ դարում: Եթե այսօր իսկ որոշում չընդունենք, չասեն՝ այլեւս երբեք, մենք վճարելու ենք դրա համար»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ Ցեղասպանություն վերապրածներն այստեղ են նրա համար, որ ցույց տան, որ ցեղասպանություն իրականացնողները չեն հաղթել:

«Այսօր էլ մարդկությունը մարդկայնության պակասի կարիք ունի: Դրա վկայությունն է ցեղասպանության ժխտողականության ալիքը, որն ամենամեծ հարվածն է ցեղասպանությունը վերապրածների համար: Անուղղակիորեն չեմ բացառում հնարավորությունների առկայության պայմաններում նույն հանցանքը կրկնելու հավանականությունը»,-ասաց նա:

ՀՀ նախագահի խոսքով՝ կարեւոր է հասկանալ, թե առկա մեխանիզմների կատարելագործման միջոցներով ինչպես է հնարավոր իրավաբանորեն ամրագրել ցեղասպանությունը վերապրածների առանձնահատուկ կարգավիճակը, առանց որի անհրան է համակարգված ձեւով մոտենալ խնդրի լուծմանը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ցանկացած հանցագործության դատապարտումը ենթադրում է փոխհատուցում. պետք է ապահովել անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք թույլ կտան ոչ միայն ճանաչել այդ իրավունքը այլ նաեւ իրականացնել այն:

«Ի՞նչ պատասխանատվություն են կրում պետությունները համանման հանցագործությունները խրախուսելու համար: Ի՞նչ կասեք մի երկրի մասին, որը լինելով միջազգային իրավունքի սուբյեկտ, ՄԱԿ-ի անդամ, մարդասիրական կոնվենցիաների ստորագրող կողմ, իր ձեռագրով չի զիջում միջազգային ահաբեկիչներին: Մի քանի օր առաջ ադրբեջանցի զինվորները չբավարարվեցին միայն կրակելով, նրանք անդամախեղեցին տարեց մարդկանց, հայ զինվորին, կտրեցին նրանց գլուխներն ու ականջները՝ սոցցանցերում հերոսության դրսեւորում որպես այն ցուցադրելով, եւ այս ամենը Ադրբեջանի իշխանությունների բացահայտ խրախուսմամբ: Տարօրինակ չէ՞ արդյոք, որ քաղաքակրթական բոլոր նորմերը ոտնահարող երկիրը հյուրընկալում է քաղաքակրթությունների դաշինք խորագրով համաժողովը»,-ընդգծել է ՀՀ նախագահը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արմատախիլ անի ցեղասպանածին դրսեւորումները, որտեղ էլ դրանք դրսեւորվեն»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը միավորում է կառավարությունների ու խորհրդարանների, խոշոր միջազգային կազմակերպությունների ու իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչների, միջազգային իրավունքի բնագավառում հայտնի փորձագետների ու լրատվամիջոցների նեկայացուցիչների, նաեւ այլ հետաքրքրված անձանց:

Նրանց շարքերում են նաեւ The Washington Post ամերիկյան պարբերականի խմբագիր ու տեսաբան Դեւիդ Իգնատիուսը, հայտնի դերասան, կինեմատոգրաֆիստ ու բարերար Ջորջ Քլունին, 100 LIVES նախագծի համահիմնադիր, Նյու Յորքում Կառնեգի կորպորացիայի նախագահ, Aurora Prize – 2016 մրցանակաբաշխության ընտրական հանձնաժողովի անդամ Վարդան Գրիգորյանը: Ֆորումի ժամանակ ելույթ են ունենալու նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: