23-04-2016 11:25

Ի՞նչ կասեք մի երկրի մասին, որն իր ձեռագրով ոչնչով չի զիջում Իսլամական պետության ահաբեկիչներին. ՀՀ նախագահ

Ի՞նչ կասեք մի երկրի մասին, որը լինելով միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ, ՄԱԿ-ի, ԵԽ-ի եւ բազմաթիվ այլ կառույցների անդամ, մարդասիրական կոնվենցիաների ստորագրող կողմ, իր ձեռագրով ոչնչով չի զիջում Իսլամական պետության ահաբեկիչներին։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ երկրորդ ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, վերջին տարիների Մերձավոր Արեւելքում ընթացող հակամարտությունները ցույց տվեցին, որ մեր օրերում ցեղասպանությունների կանխարգելման հարցը մնում է արդիական եւ հրատապ: «Վերջին շրջանում աշխարհը սարսափած հետեւում է, թե ինչպես են Մերձավոր Արեւելքում Իսլամական պետության ահաբեկիչները տանջամահ անում, գլխատում ու անդամահատում անմեղ մարդկանց, այդ թվում՝ կանանց, երեխաների ու ծերերի։ Աշխարհը վրդովված է այս բարբարոսություններից այն դեպքում, երբ դա կատարողն ընդամենը մի ավազակախումբ է, որին դժվար է պատասխանատվության ենթարկել եւ որի դեմ կարելի է պայքարել միայն հրթիռներով։

Սակայն, եթե ավազակախմբի կողմից իրականացված հանցանքների պարագայում նրանց դեմ պայքարում են հրթիռներով, ապա հարց է առաջանում թե ի՞նչ պատասխանատվություն են կրում միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունները համանման հանցագործություններ խրախուսելու եւ իրականացնելու համար»,- նշել է ՀՀ նախագահը:

«Ի՞նչ կասեք մի երկրի մասին, որը լինելով միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ, ՄԱԿ-ի, ԵԽ-ի եւ բազմաթիվ այլ կառույցների անդամ, մարդասիրական կոնվենցիաների ստորագրող կողմ, իր ձեռագրով ոչնչով չի զիջում Իսլամական պետության ահաբեկիչներին։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ նախաձեռնված լայնածավալ հարձակման օրերին ադրբեջանցի զինվորները չբավարարվեցին միայն կրակելով․ նրանք անդամախեղեց տարեց մարդկանց, հայ զինվորին, կտրեցին նրանց գլուխներն ու ականջները՝ սոցիալական ցանցերում այդ ամենը որպես հերոսության դրսեւորում ցուցադրելով։ Եվ այս ամենը Ադրբեջանի իշխանությունների բացահայտ խրախուսմամբ: Տարօրինա՞կ չէ արդյոք, որ բարբարոսական քաղաքականություն իրականացնող եւ քաղաքակրթական բոլոր նորմերը ոտնահարող նման երկիրն այս օրերին հյուրընկալում է «Քաղաքակրթությունների դաշինք» խորագրով համաժողովը: Մի՞թե սա հանդուրժելի կեցվածք է: Մենք պետք է հասնենք նրան, որ ատելության այսօրինակ սերմանումները տեղ չունենան մեր ժամանակներում, որ յուրաքանչյուր իշխանություն զերծ մնա նման վարքագծից՝ վախենալով, որ պատասխան է տալու»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է նույնքան արագ եւ վճռականորեն արմատախիլ անի ցեղասպանածին այսօրինակ երեւույթները, որտեղ էլ որ դրանք դրսեւորվեն, ինչպես մի քանի օր առաջ դա արեց Շվեդիայի ղեկավարությունն ու հասարակությունը՝ թուրք ազգայնական Բարբարոս Լեյլանիի կողմից հայերի հանդեպ հնչեցված ատելության քարոզչության կապակցությամբ։ «Սա պահանջում է համախմբած աշխատանք, երբեմն աշխարհաքաղաքական շահերի ստորադասում, երեւույթների հստակ ու հասցեական դատապարտում: Այլապես, եթե նման արատավոր երեւույթները արմատախիլ չանենք դեռ սաղմնային վիճակում, ստիպված ենք լինելու լծվել դրանց բազմաբնույթ ու անկանխատեսելի հետեւանքների վերացմանը՝ շարունակելու ենք առերեսվել ատելությունից սնվող տարատեսակ հանցագործությունների, որոնցից է, ի դեպ, մեր մայրցամաքում նոր թափ ու ծավալներ ստացած ահաբեկչությունը»,-ընդգծել է ՀՀ նախագահը:

Նշենք, որ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը միավորում է կառավարությունների ու խորհրդարանների, խոշոր միջազգային կազմակերպությունների ու իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչների, միջազգային իրավունքի բնագավառում հայտնի փորձագետների ու լրատվամիջոցների նեկայացուցիչների, նաեւ այլ հետաքրքրված անձանց:

Նրանց շարքերում են նաեւ The Washington Post ամերիկյան պարբերականի խմբագիր ու տեսաբան Դեւիդ Իգնատիուսը, հայտնի դերասան, կինեմատոգրաֆիստ ու բարերար Ջորջ Քլունին, 100 LIVES նախագծի համահիմնադիր, Նյու Յորքում Կառնեգի կորպորացիայի նախագահ, Aurora Prize – 2016 մրցանակաբաշխության ընտրական հանձնաժողովի անդամ Վարդան Գրիգորյանը: Ֆորումի ժամանակ ելույթ են ունենալու նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: