24-08-2017 11:42

ՀՀ և ՌԴ նախագահները քննարկել են երկկողմանի օրակարգին և Ղարաբաղյան կարգավորոմանը վերաբերող հարցեր (Լուսանկարներ)

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում չորեքշաբթի օրը Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Ռազմավարական գործընկերներ հանդիսացող երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել են սույն թվականի մարտ ամսին Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին:
Նախագահներ Սարգսյանն ու Պուտինը քննարկել են նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում զարգացող ինտեգրացիոն գործընթացները, կարծիքներ փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:
«Հարգելի՛ Սերժ Ազատի, շատ ուրախ եմ տեսնել Ձեզ: Այս տարի մենք մեր համագործակցության շրջանակներում լավ տարեդարձներ ենք նշում. լրացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և մի քանի օրից՝ օգոստոսի 29-ին, կլրանա բարեկամության և ռազմավարական համագործակցության մասին առանցքային պայմանագրի ստորագրման 20-ամյակը»,- ընդգծել է Պուտինը:
Ռուսաստանի առաջնորդի խոսքերով, այս ընթացքում ամենալուրջ կերպով ամրացել են Հայաստանի և Ռուսաստանի՝ որպես երկու ինքնիշխան պետությունների միջև հարաբերությունները


« Մեր միջև պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն, ընթանում է երկկողմ համագործակցություն և՛ տնտեսական, և՛ անվտանգության, և´ ռազմական ոլորտներում: Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպությունների և մեր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել և զրուցել այս բոլոր հարցերի շուրջ»,- ասել է ՌԴ նախագահը:

«Շնորհակալ եմ, Վլադիմի՛ր Վլադիմիրի: Շատ շնորհակալ եմ: Շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար, շնորհակալություն հրավերի համար: Իսկապես, մենք մի քանի օրից նշելու ենք բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը: Հետագա տարիները դարձան մեր միջպետական հարաբերությունների զարգացման ակտիվ շրջան»,- ընդգծել է ՀՀ նախագահը:
Սարգսյանի խոսքերով, հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են բարձր մակարդակի մշտական ինտենսիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական լայն համակարգմամբ, միջազգային և տարածաշրջանային հարթակներում արդյունավետ համագործակցությամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում արգասաբեր համագործակցությամբ:

«Ինտենսիվ կերպով զարգանում են մեր առևտրատնտեսական հարաբերությունները: Անցած տարի մենք ունեցանք առևտրաշրջանառության 15 տոկոսանոց աճ: Իսկ վեց ամիսների ընթացքում դա գրեթե 24 տոկոս կազմեց: Մշտական է մեր երկու երկրների կառավարությունների ու խորհրդարանների միջև կապը: Մշտապես զարգանում է նաև միջտարածաշրջանային և հումանիտար ոլորտներում համագործակցությունը»,- ասել է ՀՀ նախագահը:
Այս կապակցությանմբ նա ընդգծել է, որ այդ ամենին, իհարկե, նպաստում են բարձր և բարձրագույն մակարդակի մշտական այցելությունները:
«Այս տարի Հայաստանում եղել են Ռուսաստանի Դաշնության Դումայի նախագահը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, ես եմ Մոսկվայում եղել պաշտոնական այցով, մեր խորհրդարանի նախագահը, վարչապետը: Աշնանը մենք Հայաստանում սպասում ենք Ռուսաստանի վարչապետին, արտաքին գործերի նախարարին, նախարար Մանտուրովին՝ գործարարների և պետկառավարիչների մեծ պատվիրակության կազմում՝ Եվրասիական համագործակցության երկրորդ միջազգային համաժողովի շրջանակներում:
Բառացիորեն օրերս կայացան երեք կարևորագույն երկկողմ հանձնաժողովների նիստերը՝ ռազմատեխնիկական, առևտրատնտեսական և խորհրդարանական համագործակցության»,- նշել է նախագահը:
«Աշնանը Ռուսաստանում կանցկացվեն Հայաստանի օրերը: Շատ կարևոր է, որ այս օրերի շրջանակներում անցկացվելիք միջոցառումների աշխարհագրությունը չի սահմանափակվում միայն Ռուսաստանի մայրաքաղաքով: Միջոցառումներ կանցկացվեն Ռուսաստանի 13 քաղաքներում:
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել, Վլադիմիր Վլադիմիրի, անտառային հրդեհների մարման հարցում ցուցաբերված օգնության համար: Եվս մեկ անգամ շնորհակալություն հրավերի, ջերմ ընդունելության համար»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: