28-11-2014 17:28

Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Զրուցակիցները քննարկել են ս.թ. դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և կանոնադրական այլ մարմինների համատեղ նիստի նախապատրաստական աշխատանքներին ու օրակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձել նաև խորհրդի նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքին: Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Հանրապետության Նախագահին զեկուցել է Կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների, այդ թվում՝ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների զարգացման ծրագրի իրականացման ընթացքի, ՀԱՊԿ միացյալ շտաբի ընթացիկ գործունեության, ինչպես նաև Կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված հարցեր: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են օրերս ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂ ԶՈՒ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման միջադեպին և դրա հետևանքով առաջացած իրավիճակին, որը, Նիկոլայ Բորդյուժայի հավաստմամբ, քննարկման թեմա կդառնա նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում: