Բավ է պառակտվել
29-10-2014 18:20

Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Հորդանան:

Հորդանանի Հաշիմյան Թագավորության Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Հորդանան: Թագավորի նստավայրում տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցը: ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել Հորդանանի Հաշիմյան Թագավորություն կատարած իր այցի ընթացքում Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար: Հայաստանի Նախագահը և Հորդանանի Թագավորն անկեղծ բարեկամական մթնոլորտում անդրադարձել են երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխշահավետ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարին:

Զրուցակիցները երկուստեք հանձնառություն են ստանձնել քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցությունը բարձրացնելու որակական նոր մակարդակի: Հանդիպմանն անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության խորացմանն ու առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, երկուստեք վերահաստատվել է, որ երկու երկրների միջև փոխհարաբերությունները հիմնված են բարի կամքի, փոխադարձ հարգանքի և փոխվստահության, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամության վրա:

Նախագահ Սերժ Սարգսյանի և Թագավոր Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ մի շարք ոլորտներում հայ-հորդանանյան համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև դիվանագիտական անձնագիր կրող անձանց մուտքի վիզա ստանալու պահանջից ազատելու մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության քաղաքացիական ավիացիայի կարգավորման հանձնաժողովի միջև փոխըմբռնման հուշագիր, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության Ամման քաղաքի միջև քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության առևտրի պալատի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արդյունաբերական պալատի միջև համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության առևտրի պալատի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արդյունաբերական պալատի միջև Հայ-հորդանանական գործարար խորհրդի ստեղծման մասին, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի (Հայաստանի Հանրապետություն), Ամմանի առևտրի պալատի և Ամմանի արդյունաբերական պալատի (Հորդանանի Հաշիմյան Թագավորություն) միջև փոխըմբռնման հուշագիր:

Ի պատիվ պաշտոնական այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի անունից տրվել է աշխատանքային ճաշ:

Արարողակարգի համաձայն, Հայաստանի Նախագահը և Հորդանանի Թագավորը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-հորդանանյան բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակին և դրանց զարգացման հեռանկարին: