21-03-2015 12:00

ԼՂՀ-ում ԱԺ ընտրություններին առաջադրվել են վարչապետը, փոխվարչապետը, ԱԺ նախագահը

ԼՂՀ-ում մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար համամասնական ընտրակարգով կենտրոնական ընտրական հանձնաժողով ցուցակներ են ներկայացրել 7 կուսակցություններ: Այսպես, «Ազատ հայրենիք» կուսակցության ցուցակում 50 անձ է, առաջին երեքն են՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը եւ Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի տնօրեն Ռամելա Դադայանը: «Ազգային վերածնունդ» կուսակցության ցուցակում են Հայկ Խանումյանը՝ կուսակցության նախագահը, Տիգրան Գրիգորյանը՝ քաղաքական վերլուծաբան, Նունե Մելքումյանը՝ ԼՂՀ ԱՆ «Արեւիկ» մանկական բուժմիավորման տեղամասային բժիշկ: «Արցախի Ժողովրդավարական» կուսակցությունում 35 անձ է ներգրավված, առաջին երեքն են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը եւ ԼՂՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը: ԼՂ կոմունիստական կուսակցության կողմից առաջադրվել են ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հրանտ Մելքումյանը, պահեստազորի գեներալ-մայոր Վյաչեսլավ Հյուսնունցը եւ Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի դասախոս Անուշավան Պողոսյանը: «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության ցուցակում առաջին երեք թեկնածուներն են Արցախի պետական համալսարանի դասախոս Գարիկ Գրիգորյանը, Լուսարար կրթագիտական թերթի խմբագիր Ավետիկ Խաչատրյանը, ԼՂՀ փաստաբանների պալատի անդամ Գրիգորի Հարությունյանը: «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ցուցակի առաջին եռյակում տեղ են գտել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ նախագահի խորհրդական Գեորգի Պետրոսյանը, ԼՂՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը: «Շարժում-88» կուսակցության ցուցակի առաջին երեք թեկնածուներն են ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, գործազուրկ Էդուարդ Աղաբեկյանը եւ Արցախի պետական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի դեկան Գագիկ Բաղունցը: Արցախում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են 50 քաղաքացիներ, ընդ որում` նրանցից 27-ն ինքնաառաջադրման ձեւով: 3 թեկնածու առաջադրել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, 4-ական թեկնածուներ` Ազատ հայրենիք եւ Արցախի Ժողովրդավարական կուսակցությունները, 5-ը` Ազգային վերածնունդ կուսակցությունը, 7-ը Շարժում-88 կուսակցությունը: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված քաղաքացիներից 34-ն անկուսակցական են: