Բավ է պառակտվել
03-04-2014 21:33

Վարչապետը՝ իր հրաժարականի մասին

Ապրիլի 3-ին հրաժարական տված վարչապետ Տիգրան Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ, դեռևս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված:
Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել`մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով:

Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար:

Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»:

Վարչապետի հրաժարականի մասին ապրիլի 3-ի երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ հրաժարականի դիմումը բավարարվել է նախագահի կողմից:

Տիգրան Սարգսյանը վարչապետ էր նշանակվել նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2008թ. նախագահական ընտրություններից հետո: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում 2009թ. Հայաստանն արձանագրեց աշխարհում երկրորդ ամենամեծ տնտեսական անկումը՝ 14.5 տոկոս (վերահաշվարկված տվյալներով՝ -18 տոկոս): Չնայած դրան՝ Տիգրան Սարգսյանը կրկին վարչապետ նշանակվեց 2012թ. խորհրդարանական և 2013թ. նախագահական ընտրություններից հետո: