27-01-2015 13:21

Վարչապետն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին:
Ողջունելով հյուրին՝ վարչապետը բարձր է գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները և կարևորել դրանց շարունակական խորացումը: ԻԻՀ արտաքին գործերի նախարարը ՀՀ վարչապետին է փոխանցել ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները և նշել, որ ՀՀ վարչապետի՝ 2014 թ. հոկտեմբերին ԻԻՀ կատարած պաշտոնական այցը նպաստել է երկու երկրների հարաբերությունների խորացմանը և ամրապնդմանը: Պարոն Զարիֆի խոսքով՝ Հովիկ Աբրահամյանն ինչպես Ազգային ժողովի նախագահի, այնպես էլ վարչապետի պաշտոնում նշանակալի ներդրում ունի հայ-իրանական կապերի սերտացման և ընդլայնման գործում:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Իրանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակից և ընդգծել, որ պետք է ջանքեր գործադրել առևտրատնտեսական համագործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու ուղղությամբ:
Հովիկ Աբրահամյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆը քննարկել են հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային ծրագրերին, որոնք կնպաստեն առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այս համատեքստում կողմերն առանձնակի կարևորել են ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը, գոհունակություն հայտնել հանձնաժողովի վերջին՝ 2014 թ. դեկտեմբերին Իրանում կայացած նիստի աշխատանքներից և շեշտել, որ դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն` ի շահ երկու երկրների և ժողովուրդների: Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը՝ Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ այն ևս կնպաստի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին, կարևորվել հակամարտությունների խաղաղ կարգավորումը և տարածաշրջանի կայունությունը: