Բավ է պառակտվել
30-03-2017 19:00

Կարեն Կարապետյանն ունի այն, ինչը պակասում էր Տիգրան Սարգսյանին, Բագրատյանին, այլոց...

  

Ինչպե՞ս զարգացնել Հայաստանի տնտեսությունը: Շատ տնտեսագետներ այսօր դրա վերաբերյալ ծրագրեր են ներկայացնում: Երբեմնի վարչապետ Հրանտ Բագրատյանը, ում վարչապետության օրոք սննկացվեցին հսկայական գործարանները, թալանվեց, վաճառվեց ու սեփականաշնորհվեց այն ամենը՝ ինչը հնարավոր էր, այսօր, իշխանական կերակրատաշտից հեռու գտնվելով սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման զարգացման «100 քայլ» է առաջարկում:

Նախկին վարչապետներից Տիգրան Սարգսյանը սկզբում իրոք հույսեր էր ներշնչում, բայց ինչպես ցույց տվեց ժամանակը տնտեսագիտական գիտելիքներ ունենալը, դեռ չի նշանակում լավ վարչապետ լինել: Մեղմ ասած Տիգրան Սարգսյանն ուներ հայկական ոգու և Հայրենիքի հանդեպ սիրո պակաս:
Իսկ նախորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարծես թե լրիվ մոռացվել է:

Ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանն ի տարբերություն մյուսների գտել է Հայաստանի տնտեսության զարգացման և առաջընթացի բանաձևը. « Իմ թիմում տեսնում եմ պրոֆեսիոնալ մարդկանց, բայց պրոֆեսիոնալ լինելուց առաջ նրանք պետք է լինեն հայրենասեր»,- նշում է Կարապետյանը: Ու իրոք օժտված լինելը դեռ քիչ է, հարկավոր է նաև հայրենասեր լինել՝ սեփական գիտելիքները հօգուտ երկրի ծառայեցնելու համար:
Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը հայ հասարակության մոտ տարաբնույթ զգացմունքներ առիթ դարձավ: Դրական փոփոխություններ ակնկալող ուրախ տրամադրությանը փոխարինելու եկավ հուսահատությունը, տագնապը, որ իրենց կրկին խափում են, որ ևս մի դրական կերպար կարճ ժամանակ անց հօդս կցնդի և արժեզրկվելով կանցնի պատմության գիրկը: Չնայած դրան Կարեն Կարապետյանը վստահ է, որ շուտով ժողովուրդը կթոթափի կասկածների և հուսահատության ծանր բեռը, քանի որ գտնում է, որ. «Մեր ժողովուրդն այնքան հմուտ է, այնքան խնդիրներով է անցել, որ և՛ վտանգն է ինտուիտիվ զգում, և՛ կարողանում է զգալ, թե ում կարելի է վստահել»:
Երկիրը ոտքի հանելը իհարկե մի հոգու գործ չէ, բայց մի հոգին կարող է շատ բան փոխել մյուսների մտածողության մեջ. «Խնդրում եմ, որ բոլորդ թասիբի ընկնեք, եթե համախմբված աշխատենք, մենք ձև չունենք չտեսնված լավ երկիր չունենալու: Ու այն, որ մենք նավթ ու գազ չունենք՝ գուցե բարին էլ դա է: Որովհետև չկա նավթ ու գազ ունեցող մի երկիր, որը մինչև վերջ երջանիկ է»,- կոչ է անում Կարեն Կարապետյանը, և հորևդորում, որ էներգակիրների բացակայությունը տնտեսության համար դատավճիռ չհամարենք, քանի որ Հայաստանը զարգացման համար բավականաչափ ռեսուրսներ ունի, պարզապես լավ կառավարում է հարկավոր:
Խոսելով տնտեսության զարգացմանը խոչնդոտող գործոններից մեկի՝ տարիներ շարունակ ձևավորված մենաշնորհային շուկաների մասին, Կարապետյանը նշում է, որ այն ինչ եղել է մինչ օրս իրեն չի հետաքրքրում, բայց այսուհետ բիզնեսի համար բաց դաշտ է ապահովվելու. «Ինձ համար կարևոր հարց չէ` այդ մարդիկ պատիժ կրել են, թե՝ ոչ, կարևորը, որ էլ նման տենդենց չլինի»,- ասում է վարչապետը, և հավելում, որ. «Կառավարության համար առաջին խնդիրը կայանում է նրանում, որ այն չվնասի բիզնեսին, ստեղծագործ մարդուն, ակտիվ մարդուն չխանգարի»:

 
Կարեն Կարապետյանը նաև չի խուսափում ասել, որ եթե զգա, որ իր աշխատանքը արդյունք չի տալիս, ապա չի շարունակի պաշտոնավարումը. «Ես ուզում եմ, որ մեր երկիրը լինի ավելի արդար, ավելի զարգացած, ավելի հարուստ և ավելի ապահով: Եթե ես կարող եմ այդ հարցում օգտակար լինել, ապա պատրաստ եմ մինչև վերջ իմ կարողությունները դնել: Հենց զգամ, որ օգուտ չեմ տալու՝ մի օր ավել չեմ մնալու: Այս պահին իմ մեջ ուժ տեսնո՞ւմ եմ, ցանկություն տեսնո՞ւմ եմ՝ այո, դրայվը՝ էլ չասեմ»:
Նշենք, որ մամուլում լուրեր են պտտվում նաև Սուրիկ Խաչատրյանի և Կարեն Կարապետյանի լարված հարաբերությունների մասին, քանի որ վարչապետ նշանակվելուց ընդամենը մեկ ամիս հետո Կարապետյանը ազատվեց հասարակության կողմից մերժելի ՀՀԿ-ական գործիչներից մեկից՝ Սուրիկ Խաչատրյանից: Ըստ խոսակցությունների Ս. Խաչատրյանի ճակատագիրը դեռ շատերը կկիսեն:
Gisher.news-ն կարծում է, որ  պարզապես համընկնում չէ նաև այն փաստը, որ հենց Կարեն Կարապետյանի կառավարման օրոք ձերբակալվեց Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, կոռումպացված Սամվել Բաբայանը, և այժմ էլ խոսակցություններ են պտտվում  Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հավանական ձերբակալման մասին, որի անունը հաճախ է հիշատակվում բանակում անորակ վառելիքի հետ կապված գործում:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում բանակում անորակ վառելիքի հետ կապված հայտարարություն էր արել: Վարչապետի խոսքով, ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում, և շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում: «Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան այդ պատճառով չէր աշխատում»,- ասել է վարչապետը:


Հատկանշական է, որ Կարեն Կարապետյանը մինչ վարչապետ դառնալն էլ իր գործունեության ընթացքում միշտ աշխատել է գործել ի շահ Հայաստանի, իր դիրքն օգտագործել է Հայրենիքի համար որևէ դրական գործ անելու համար: Խոսքը մասնավորապես վերաբերվում է «Գազպրոմ Արմենիայում» իր անցած ճանապարհին, ինչպես նշում է ինքը Կարապետյանը՝«Հպարտ եմ, որ կառավարել եմ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը և այդ ընկերությունը համարում եմ ամենակայացածներից մեկը: Հայաստանում այն կատարել է մեկ միլիարդի ներդրում, Հայաստանը դարձնելով աշխարհում ամենագազաֆիկացված երկրներից մեկը»: Նա իր տեսլականն ունի նաև երկրի ապագայի վերաբերյալ, ըստ նրա Հայաստանը պետք է քայլի ժամանակին համընթաց, և միևնույն ժամանակ պահպանի իր ավանդույթներն ու արժեքները. «Մենք ուզում ենք լինել ժամանակակից երկիր, ժամանակակից քաղաքացի, աշխարհի համար ճանաչելի և ընկալելի, բայց ո՛չ ի հաշիվ մեր ավանդույթների, և մեր հայ լինելը պահպանելու հարցում հենք հանդիսացող երեք արժեքների՝ ընտանիքի, հավատքի և լեզվի»:
Կարապետյանն իր հստակ դիրքորոշումն է հայտնում նաև Արցախի վերաբերյալ.«Ակնհայտ է, որ մենք բոլորս Արցախին վերաբերվում ենք որպես Հայկական աշխարհի մի կտոր, այն ֆրոնտային գիծ է, որտեղ որոշվում է մեր արժանապատվությունը, մեր ինքնասիրությունը, և մեր ազգի վաղվա օրը», - և հավելել, որ «Մենք կհասնենք, նրան, որ պատերազմական ռիսկերը նվազեցնենք մեր ուժեղ լինելով»:
Կարեն Կարապետյանի առկայությունը ՀՀ կառավարության ղեկին հույս է ներշնչում, որ « ինչպես զարգացնել ՀՀ տնտեսությունը» հարցը չի մնա առկախված, իբրև արդարացում պատճառ չեն բերվի էներգակիրների կամ դեպի ծով ելքի բացակայությունը, մասամբ շրջափակման մեջ լինելն ու պատերազմի սպառնալիքը:

Մենք հավատում ենք, որ վարչապետի խոստումներն իրականություն կդառնան, և Հայաստանն իրոք կդառնա հայերի համար ամենալավ երկիրը:

 

Նյութի հեղինակ․ Մարինե Բարսեղյան

Խմբ․ - Ս․ Մինասյան