21-07-2016 10:28

ՀՀ վարչապետ. իշխանությունները կանեն ամեն ինչ` Երևանում իրավիճակը կարգավորելու համար

Հայաստանի իշխանությունները կանեն ամեն ինչ` ՊՊԾ գնդի շենքի զավթման հետ կապված իրավիճակը կարգավորելու համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 17–ին, անթույլատրելի է», – ասաց նա հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ։

Նա ցավակցություն հայտնեց ՊՊԾ գնդի շենքի հարձակման ժամանակ զոհված գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին և բոլոր հարազատներին։

«Այն, ինչ տեղի ունեցավ ՊՊԾ գնդում, անթույլատրելի է և պետք է դատապարտվի, քանի որ բռնության միջոցով անհնար է հասնել իրական փոփոխությունների։ Սա վտանգավոր և անհեռանկարային գործընթաց է։ Իրավիճակը մտահոգություն է առաջացնում։ Իշխանություններն անում են և կանեն ամեն ինչ` իրավիճակի խաղաղ կարգավորման համար», – հայտարարեց Աբրահամյանը։

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։ Չորեքշաբթի օրվա դրությամբ գրավված շենքից ազատ է արձակվել հինգ պատանդ։

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։

Չորեքշաբթի երեկոյան ՊՊԾ գնդի գրավված շենքի մոտակայքում իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ շենքի մոտ հավաքված ցուցարարները պահանջեցին լուծել զինված խմբի անդամների սննդի հարցը։ Մասնավորապես, նրանց ուզում են, որպեսզի զինված խմբի անդամներին սնունդ տանեն ոչ թե ոստիկանները, այլ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Դրանից հետո ցուցարարները փորձեցին ճեղքել ոստիկաններից կազմված շղթան։

Հինգշաբթի լուսադեմին ոստիկանությունը հաշված րոպեներում ցրեց ցուցարարներին Խորենացի փողոցից։ Գործողությունները սկսվեցին երկու զգուշացումից հետո։ Ձերբակալվել են տասնյակ մարդիկ։ Բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 28–ը` ոստիկան։